|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության գրեթե ամեն նիստի ժամանակ կամ նախաձեռնող նիստերին Նիկոլ Փաշինյանը ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հետ կապված նոր առաջարկ է անում։ Իսկ ՔՊ-ականներն էլ, բնականաբար, համաձայնվում են՝ ելք չունեն։
Իշխանականները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում նշում են, որ Փաշինյանն այնպես է իրավիճակը լարել, որ ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում։
Հիմա էլ նոր քվեաթերթիկի տարբերակ են որոշում ՔՊ-ականները, որով, ըստ Փաշինյանի, պետք է թափանցիկ ընտրություններ կազմակերպեն կուսակցության ներսում։
«Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում ՔՊ-ականները բողոքում են նաև ֆեյսբուքյան տարբերակով քարոզարշավ անելու գաղափարից, որը, ըստ ՔՊ-ականների, որևէ ձևով իրենց չի օգնելու ընտրվել։
Հիշեցնենք, որ որոշվել է՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը»։