կարևոր
1180 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 21:50
Հասարակություն

Պայմանագիրը երկկողմանի պետք է լուծարվեր, իսկ ցավը՝ դառը, բութ ցավ է, որ չեմ ուզի որևէ մեկը զգա. Երևանի կայազորային հոսպիտալի քահանա

Պայմանագիրը երկկողմանի պետք է լուծարվեր, իսկ ցավը՝ դառը, բութ ցավ է, որ չեմ ուզի որևէ մեկը զգա. Երևանի կայազորային հոսպիտալի քահանա

Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեջ մտած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը։ Այս հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

Նշենք, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:

Yerkir.am-ը Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Պաշտպանության նախարարն ունի իրավասություն, առանց Եկեղեցու հետ խորհրդակցելու, միանձնյա լուծարելու մի կառույց, որը տարիներ շարունակ գործել է պետության և Եկեղեցու համագործակցության հիման վրա, Տեր Պսակը նշեց․

-Իրավունք չկա միանձնյա լուծարելու ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը, ենթադրում  եմ, որ պիտի քննարկումներ լինեին, համաձայնեցվեր, որովհետև, վերջիվերջո, Հոգևոր առաջնորդությունը ձևավորվել է երկու կողմերի՝ Պաշտպանության նախարարություն-Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի համաձայնությամբ։ Իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, թե ինչու են նման որոշում կայացրել, բայց օրենսդրությունը հստակ է, որ պայմանագիրը երկկողմանի պիտի լուծարվի, եթե կա օրենքը։

-Տեր Պսակ, իսկ Հոգևոր առաջնորդության լուծարումն ի՞նչ հետևանքներ կունենա առաջնագծում կանգնած զինվորի համար ու ընդհանրապես ո՞վ է այսօր հոգևոր խնամք իրականացնելու բանակում։

-Տարիներ շարունակ, 20 և ավելի տարիներ, Հոգևոր առաջնորդությունն իր առաքելությունն է իրականացնում, հոգևոր դասի շատ սերունդներ են անցել, որոնց գործը, ծառայությունն անուրանալի է։ Վստահ եմ, որ շատ ու շատ զինվորականներ, նույնիսկ պահեստազորի զինծառայողներ կփաստեն, թե ինչքան կարևոր է եղել հոգևորականի՝ գնդերեցի ներկայությունը, էլ չեմ ասում բոլոր պատերազմների, 2020 թվականի 44-օրյայի ժամանակ  և դրանից հետո մեր գնդերեցներն իրենց մասնակցությունն են ունեցել։  Նույնիսկ գնդերեցներ, սարկավագներ ունենք, որոնք նահատակվել են, անհետ կորած են․․․

Վստահաբար բացասական ազդեցություն կունենա, չգիտեմ ՊՆ-ն ինչ ծրագրերով , կամ  ինչ պայմաններով պետք է այդ բացը լրացնի, բայց որ ազդեցությունը հստակ կերևա գնդերեցի բացակայության, կարծում եմ ժամանակի մեջ կտեսնեք։ Թող մեծամտություն չդիտվի, բայց վստահաբար այս կառույցը մեծ ներդրում ունի բանակաշինության, զինվորին որպես քրիստոնյա դաստիարակելու գործում, ավելին ասեմ, շատ ու շատ դեպքեր, պատահարներ հենց մեր գնդերեցների ջանքերով և նրանց միջոցով են կանխվել։  Իրավիճակներ են եղել, որ հարթվել են գնդերեցների միջամտությամբ։ Ընդհուպ դեպքեր են եղել, որ ինքնասպանություն է կանխվել, այդ փաստերը կան, իրենք էլ լավ գիտեն այդ ամեն ինչը,  իսկ ադեկվատ, գիտակից մարդիկ դրա կարևորությունը հասկանում են։

-Տեր Պսակ, իսկ միտումնավորություն տեսնու՞մ եք, ամեն դեպքում պատերազմող երկրի բանակում հոգևոր ծառայության թուլացումն արդյո՞ք  չի թուլացնի  բանակի դիմադրողականությունը։

-Վստահաբար հոգևորականի բացակայությունը կանդրադառնա զինվորի հոգևոր անվտանգության վրա, չեմ ուզի այդպես լինի, բայց ենթադրում եմ, որ նաև բարոյահոգեբանական խնդիրներ առաջ կգան։ Ինչ վերաբերվում է միտումնավորությանը, ենթադրում եմ, որ եթե այդպես արագորեն է այս որոշումը կայացվել , ինչ-որ միտում կա։ Իմ սուբյեկտիվ կարծիքով հակաեկեղեցական արշավի մի մասն է։

 -Քաղաքական ենթատեքստ կարելի՞ է տեսնել։

-Եթե հակաեկեղեցական արշավ է, դրա տակ ամեն ինչ կարելի է պատկերացնել։  Իրենք կարող են բնորոշել է՛լ քաղաքական, է՛լ սոցիալական, է՛լ բարենորոգչական, է՛լ ինչ ասես կարելի է դրա տակ տեսնել։

-Իսկ ի՞նչ զգացիք, երբ այս որոշման մասին իմացաք՝ հիասթափություն, զայրույթ, մտահոգություն։

-Չէ, ցավ, առաջին հերթին ցավ զգացի, ցավ ոչ թե, որ ինձ կամ իմ հոգևոր ընկերներին հեռացնում են, այլ ցավ մեր զինվորի, մեր սպայի համար, որովհետև մեր զինվորն աղոթել էր սովորում մեզ հետ, մեր զինվորն ապրում էր մեզ հետ, մեր զինվորները, մեր սպաները կիսվում էին մեզ հետ, հիմա չգիտեմ էդ ոնց կլինի, էդ ցավն է ուղղակի դառը, բութ ցավ է, որ չեմ ուզի որևէ մեկը զգա։

Ես կուզեմ, որ մեր զինվորներն ու սպաները, մեր բանակը ամուր լինեն։ Աղոթում եմ, որ մեր հայրենյաց սահմանները, մեր բանակի հուժկու ուժը կրկին վերականգնվի։ Վստահ եմ, որ Աստծո օգնությամբ, Աստծո հավատով զինված, Խաչի զորությամբ մենք պիտի կարողանանք վերականգնել, վերագտնել էն երբեմնի փառքը, երբեմնի հաղթանակների ոգին, որ ունեցել ենք և կունենանք։ Կուզեմ, որ անկոտրում լինեն, ամեն ինչ առջևում է, Աստված մեծ է, Աստված համբերատար է, բայց նաև արդարադատ է Աստված, վստահաբար ամեն ինչին հատուցում կա և՛ լավին, և՛ վատին, այնպես որ Աստված ինքը կտնօրինի և հուսով եմ, որ մեր զինվորներն ու սպաները ամուր կլինեն, անկախ ամեն ինչից, մենք ֆիզիկապես կլինենք իրենց կողքին, թե՝ չենք լինի, բայց մեր աղոթքով, մեր հոգևոր ներկայությամբ մշտապես մեր բանակի կողքին կլինենք։

 Հերմինե Զեյնալյան