|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Իշխանություն» լրատվականը գրում է․
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում անչափահաս երեխաների անձնական տվյալների հրապարակման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի հատկանիշներով:
«Իշխանության» տեղեկություններով՝ խնդրահարույց հրապարակումը վերաբերում է Վանաձորում ամուսնու կողմից կնոջը սպանելու աղմկահարույց գործով առանց ծնողական խնամքի մնացած երկու անչափահաս երեխաների տվյալներին, որոնք գաղտնիության ռեժիմի խախտմամբ հայտնվել էին համայնքապետարանի պաշտոնական կայքում։
Երեխաների հարազատների բողոքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում ուսումնասիրվում է, թե ովքեր են ներգրավված եղել որոշման մշակման, հաստատման և հրապարակման գործընթացում։
Մեր տեղեկություններով՝ վարույթով ուսումնասիրվում են Վանաձորի համայնքապետարանի քարտուղարության կառավարման բաժնի պետ Լուսինե Ստեփանյանի և Խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանի գործողությունները։
Այս պատմությունն ունի ավելի խորքային ու ցավոտ նախապատմություն։
Ամուսնու՝ Օնիկ Միրաքյանի կողմից դաժանաբար սպանված Ցոլինեի հարազատները բազմիցս բարձրաձայնել են, որ դեպքից հետո երեխաները փաստացի մեկուսացված են եղել մայրական կողմի ընտանիքից։ Նրանք պատմել են, որ թոռներին տեսնելու հնարավորությունները սահմանափակվել են, իսկ հանդիպումները եղել են կարճատև և վերահսկվող։
Հարազատների դժգոհությունն ուղղված էր նաև պետական և համայնքային կառույցների գործողություններին: Նրանք հարցեր էին բարձրացնում, թե ինչու են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կեցության, հոգեբանական աջակցության և կրթության հարցերով զբաղվել միայն դեպքից մոտ մեկ ամիս անց։ Մայրական կողմի հարազատները մտահոգություն էին հայտնում, որ նման պայմաններում կայացվող որոշումները կարող են չբխել երեխաների շահերից՝ հատկապես, երբ նրանց հետ շփումները սահմանափակված են եղել:
Եթե երեխաների խնամքի և կացության հարցով արագ և իրավաչափ որոշում կայացվեր՝ նրանց ժամանակավորապես թողնելով սպանված կնոջ հարազատների խնամքի տակ, ապա անհրաժեշտություն չէր առաջանա հարցը տեղափոխել հանրային հարթակ։ Արդյունքում հնարավոր կլիներ կանխել ինչպես գործընթացի հրապարակայնացումը, այնպես էլ անչափահասների անձնական տվյալների հայտնվելը համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ խախտելով նրանց իրավունքներն ու շահերը։
Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող է լինել քաղաքացին՝ հատկապես անչափահասը, երբ պետական ապարատը գործում է ձևական, ուշացած և պատասխանատվությունը միմյանց վրա գցելու տրամաբանությամբ։
Քննչական կոմիտեից «Իշխանությանը» հայտնեցին, որ վարույթի շրջանակում չկա ոչ՛ ձերբակալված անձ, ո՛չ մեղադրյալ: