կարևոր
481 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 15:03
Հասարակություն

Անհասկանալի է, սա հուշարձանի վերականգնում չէ՝ խաթարում է հեղինակի միտքը. Արթուր Թարխանյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումն իրականացվում է գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Արտավազդ Թարխանյանը՝ արձանագրելով, որ հուշահամալիրը դասվում է հուշարձանների հանրապետական դասին, և կան գործադիրի կողմից սահմանված հստակ կարգեր, թե ինչպես պետք է վերակառուցվեն նման հուշարձանները։

«Այդ շինությունը կենդանի օրգանիզմ է, դա մի էակ է շինության տեսքով, որի ամեն քարն ու մասնիկը գտնվում են իր ուրույն տեղում և իր ուրույն գործն է անում։ Հիմա եթե ենթադրում կամ ասում ենք, որ այնտեղ ինչ-որ ջրեր կամ անձրևային հոսքեր կան, մենք այդ ամենը պետք է հստակ ուսումնասիրենք ոչ կործանարար մեթոդներով, այսինքն՝ պետք է զոնդավորենք, սկանավորենք, ուլտրաձայնային միջոցներով գործողություններ կատարենք և այդ ուսումնասիրության հիման վրա փորձենք հասկանալ հիմնային խնդիրները՝ որոնք են և ինչպիսի առաջադրանք տանք նախագծողին, որպեսզի նա կարողանա հստակ այդ խնդիրները լուծել»,– ասաց նա։

Վերջինս հավելեց, որ իրենց ձեռքի տակ հայտնված նախագծային փաթեթում առնվազն այդ աշխատանքը չի կատարվել կամ չի արտացոլվել ընդհանրապես, և ըստ էության ստացվում է, որ անիմացության մեջ խարխափում ենք։

«Պարզապես ինչ-որ լուծումներ ենք անում՝ ընդ որում կործանարար սկզբունքներով, ապամոնտաժում ենք, քանդում ենք այդ ամենը, տեսնում՝ ինչ է տակը գտնվում, հետո ինչ-որ գործողություններ ենք անում։ Դա լիովին անթույլատրելի մոտեցում է և նաև հակասում է նաեւ միջազգային չափորոշիչներին, որոնք ձևավորում են մոտեցումներ 20-րդ դարի հուշարձանների պահպանության հարցերում։ Մենք չենք կարող այս հուշարձանին վերաբերվել ինչպես շարքային շինության, չենք կարող գնալ բոլոր քարերը պոկել իրար վրայից, դրանց փոխարեն ուրիշ բան կպցնել ու ասել՝ սա է։ Դա հուշարձանի վերանորոգում կամ վերակառուցում չէ, դա ինչ-որ այլ գործընթաց է, որը նման է սովորական շինարարական աշխատանքների։ Մենք պետք է ուսումնասիրեինք, գիտելիք ձևավորեինք, հստակ ախտորոշեինք՝ որ հատվածներում ինչ խնդիրներ ունենք, և այդ միջամտությունները կատարեինք»,– նշեց նա։

Անդրադառնալով արձանագրված խնդիրներին՝ Թարխանյանը նշեց, որ խնդիր կա նաև ՏԻՄ մարմինների կողմից տրված նախագծման թույլտվության և իրականացվող նախագծի միջև։

«ՏԻՄ մարմիններն իրենց կողմից տվել են թույլտվություն՝ իրականացնել ամրակայման և վերանորոգման աշխատանքներ, բայց իրենք հիմա կատարում են վերակառուցման աշխատանքներ։ Միթե՞ անհնար էր ապահովել այն նվազագույն շեմը, որը նորմատիվատեխնիկական փաստաթղթերով ամրագրված է, այն գործընթացները, որոնք կառավարության կարգով են նկարագրված, թե ինչպես դա պետք է իրավական դաշտում արվեր։ Միթե՞ անհնար էր ոչ թե նվազագույն շեմը բավարարել, այլ ավելին անել։ Հիմա ընդհանրապես արվել է այլ բան, այսինքն՝ քաղաքաշինական փաստաթղթերը և այն, ինչ իրենք անում են, ըստ էության դիսոնանսի մեջ են գտնվում, իրենք լրիվ այլ բան են անում։ Մենք տեսնում ենք նաև նախագծային լուծումներում խնդիրներ, որոնք մտահոգիչ են՝ մասնավորապես այցելուների մուտքի և ելքի անվտանգության, բանվորական կազմի այդտեղ գտնվելու անվտանգության, տարրական կենցաղային պայմանների ապահովման հարցերում։ Մենք չենք տեսնում հիմնավորումը, թե ինչու են ապամոնտաժում այդ քարերը․ դրա հիմնավորումները չկան»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։