կարևոր
526 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-09 15:08
Հասարակություն

Պատրաստվում են հաջորդ քայլով Ծիծեռնակաբերդի հուշարձանի մոտ թունել փորել. Անահիտ Թարխանյան

Ցեղասպանության հուշակոթողի՝ Ծիծեռնակաբերդի վերանորոգման հետ կապված շատ ծանր իրավիճակ է ստեղծվել:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Նա նշել է, որ անհասկանալի է, թե ինչպես է մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձ, ով մի քանի օր առաջ է դարձել գլխավոր ճարտարապետ՝ նախագծում և վերանորոգում է Եղեռնի հուշահամալիրը:

«Ընդամենը նուրբ խոզանակներով պետք էր այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, չորացնել ֆենով և հետագայում հատուկ հիդրոֆոբ նյութեր կան, որոնցով պետք է մշակել այդ հատվածները։ Այդ նյութերը թանկարժեք են, բայց հաստատ մի քանի անգամ ավելի էժան են, քան այն մեթոդաբանությունը, որ ընտրվել է այսօր Եղեռնի հուշարձանի ռեստավրացիայի համար։ Ժամանակի մեջ մենք կծախսեինք, ենթադրենք, 1-2 ամիս ուսումնասիրության վրա, մեկ ամիս կծախսեինք վերանորոգման, մաքրելու վրա, որպեսզի այս սպիտակ աղակալումները քարերի վրայից դուրս բերենք, և ևս մեկ ամիս՝ հիդրոֆոբ նյութերով մշակելու վրա, որոնք թափանցիկ նյութեր են, քարի որակն ու տեսքը չեն փոխում։

Հիմա մենք ծախսել ենք և հավելագրել ենք նախագծով հինգ անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր այստեղ ծախսել։ Դա ժողովրդի գումարներ են, որը ծախսելու կարիքը չկար։  Մենք ավելի քիչ ժամանակ, ավելի քիչ գումար, ավելի քիչ մարդկանց ներգրավելով կունենայինք ամառային ամիսներին լավ վերականգնված Եղեռնի հուշարձան։ Հիմա սկսվում է անձրևային սեզոնը, հուշարձանի վերևը բաց է, ջրերը ներթափացելու են հիմքի մեջ, որովհետև աստիճանները, որոնք որ պոկված են, պոկված են հիմքերից, ամբողջը խոնավանալու է, ո՞նց են չորացնելու։ Ձմեռը գործ չի կարելի անել, կամ շտապ պետք է վերևը ձևավորել ժամանակավոր տանիք, որ պաշտպանենք այս ապամոնտաժված մույթերը։ Դա հենց այնպես բետոն չի։ Սա բռի, կոպիտ ձևով քարը պոկած բետոն է և թեք երկաթբետոնը մենք բաց ենք թողնում անձրևների տակ»,– հայտարարեց ճարտարապետը։

«Եթե դու պատրաստ չես, ունակ չես, ինչի՞ ես քո վրա վերցնում այն բեռը, որը չես կարող իրականացնել։

Ի՞նչ մենք կարող ենք անել հիմա. նախ, շտապ պետք է դադարեցնել շինարարական որևէ աշխատանք, վերլուծել ինչպիսի իրավիճակ է քանդված հուշարձանում, առանձին մոտեցում ցուցաբերել մույթերի նկատմամբ, որովհետև դրանք շատ վատ վիճակում են։

Եթե մարդը մի թեթև հիվանդանում է, չպետք է ձեռքը կամ ոտքը կտրել։ Հիմա պետք է հասկանանք, թե ոնց այս վնասված մույթերը կարող ենք վերականգնել»,– ընդգծել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։