կարևոր
3913 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 15:18
Իրավական

Փաստաբանի նկատմամբ ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը. ՓՊ

Փաստաբանի նկատմամբ ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը. ՓՊ

ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել ոստիկանության բաժնում փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առնչությամբ.

«Երեկ՝ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ:

Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Փաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:
Այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ:

Ոստիկանության ծառայողի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը անթույլատրելի է ընդհանրապես, սակայն առավել քան անընդունելի են այդպիսի գործողություններն իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ: 

Անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հանձնառություն ունեցող դերակատարի նկատմամբ այդպիսի ոտնձգությունը խաթարում է մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և տեղ չի կարող ունենալ ժողովրդավարական հասարակությունում: Ավելորդ է խոսել մարդու իրավունքի պաշտպանվածության մասին, եթե նույնիսկ փաստաբանն ապահովագրված չէ այսպիսի երևույթներից:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը.

  • Խստագույնս դատապարտում է ոստիկանության ծառայողների բռնությունը փաստաբանների նկատմամբ,
  • Պահանջում է իրավասու մարմիններին իրականացնել հետևողական քննություն դեպքի առնչությամբ և բոլոր մեղավոր անձանց կանչել քրեական պատասխանատվության,
  • Հավաստիացնում է, որ անզիջում հետևողականություն է ցուցաբերելու, որ մեղավոր անձինք ենթարկվեն համարժեք պատասխանատվության,
  • Կոչ է անում ՀՀ ներքին գործերի նախարարությանը, ներառյալ՝ ՀՀ ոստիկանությանը, միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը հետագայում իսպառ բացառելու ուղղությամբ»: