|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն նշել է, որ «մինչ այդ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր», փոխանցում է interfax.ru-ն։
«Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, դրանում կասկած չկա։ Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ասել ենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն», - ասել է Բայդենը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում։
Բայդենը հավելել է, որ, իր կարծիքով, ներկայումս դաշինքին Կիևի միանալու հարցը դեռ արդիական չէ, քանի որ ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ոչ թե այս թեմայի, այլ ուկրաինական ճգնաժամի վրա։
Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան դառնա կազմակերպության անդամ, իսկ մինչ այդ անհրաժեշտ է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար դաշնակիցները առաջարկություններ են պատրաստել։
«Մենք առաջարկություններ ենք մշակել Ուկրաինայում առաջնահերթ բարեփոխումների համար, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը», - ասել է նա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստից հետո՝ արտգործնախարարների մակարդակով:
Ըստ Ստոլտենբերգի՝ «Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ», և դաշինքը կշարունակի աջակցել նրան։