կարևոր
2905 դիտում, 9 ամիս առաջ - 2023-05-31 17:41
Քաղաքական

Պատերազմի և՛ անոնսը, և՛ պարտություն բերողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Էդուարդ Շարմազանով

Պատերազմի և՛ անոնսը, և՛ պարտություն բերողը եղել է Նիկոլ Փաշինյանը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պատերազմի և՛ անոնսը, և՛ պարտություն բերողը եղել է Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականի պատերազմի անոնսը տվել է հենց Փաշինյանը, երբ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում, Արցախի խնդիրն ինքնորոշման իրավունքի խնդրի ներքո դարձնելով տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, հայտարարեց. «Հայաստանը Արցախ է և վերջ»։ Դրանով նա առաջացրեց Մինսկի խմբի համանախագահ երկրների տարակուսանքն ու վրդովմունքը` Ալիևի համար կանաչ լույս վառելով լեգիտիմ պատերազմ սկսելու համար։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը և վարչապետ դառնալու երկրորդ օրը Ստեփանակերտում վերջնագիր ներկայացրեց Մինսկի խմբի համանախագաներին` նշելով, որ պետք է ձևաչափը փոխվի։

Հայաստանի անվտանգային համակարգն ամրապնդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանեց նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների։ Բանակցություններում նա խոսեց «նոր պատերազմ` նոր տարածքներ» հիմար թեզից։

2018 թվականին գալով իշխանության` ՀՀ վարչապետը մերժեց բանակցային ժառանգությունը, մերժեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկները նշելով, որ ինքը բանակցում է զրոյական կետից։

Նիկոլ Փաշինյանը պետք է հետևեր Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը, հիմնվեր 2016 թ.-ին Վիեննայում և Սանկտ–Պետերբուրգում ձեռք բերված գրավոր պայմանավորվածությունների վրա, բայց դրա փոխարեն նա մերժեց անվտանգային մեխանիզմներն ու Դուշանբեի վերելակում Ալիևի հետ ձեռք բերեց բանավոր նոր պայմանավորվածություններ` դրսևորելով զրոյական դիվանագիտական հմտություն։ Այնուհետև սկսեց խոսել ինչ–որ մյունխենյան թեզերի մասին` նոր պայմաններ դնելով Մինսկի խմբի համանախագահների առջև և շահարկելով հայտնի մադրիդյան սկզբունքները»։