|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատախազության` 2016 թվականի գործունեության մասին զեկույցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը հարց ուղղեց նրան: Նա նախ նշեց, որ գլխավոր դատախազը չանդրադարձավ, որ ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ 27 օպերատորների և լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել՝ ծեծուջարդ, տեխնիկայի ոչնչացում, ապա հարցրեց՝ մինչև այս պահն ի՞նչ է արվել, ունե՞նք մեղադրյալներ, ովքեր կալանավորված են, և գործերը դատարան են ուղարկված:
Մարուքյանի հաջորդ հարցը վերաբերում էր կալանքներին: Նա գլխավոր դատախազին, ասաց, որ իր զեկույցում նա նշեց, թե կալանքների վերաբերյալ կա թյուր կարծիք, բայց դատախազներին նվիրված օրը նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կալանքների հիմնավորվածության խնդրին: «Եթե այս կարծիքը թյուր է, էդ ո՞նց եղավ, որ նաև այդ մակարդակում հարց բարձրացվեց»,- հարցրեց պատգամավորը, ապա հավելեց, որ անհիմն կալանավորումների շատ ցցուն դեպքեր կան:
Նա նաև հարցրեց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մասին, թե ինչո՞ւ կրկին որոշում կայացվեց կալանավորել նրան, այն դեպքում, երբ նա ազատ էր արձակվել:
Դավթյանը պատասխանեց, որ ինքը չի անդրադարձել նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին: «Նշեմ, որ այդ դեպքերով հանրայնացումն ապահովվել է: Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքերին ապա այդ դեպքերով 8 անձ դատի է տրվել, ընդ որում` 4-ը դատի են տրվել կալանավորմամբ՝ պատիժ է նշանակվել ազատազրկումը»,- ասաց նա:
Անդրադառնալով կալանքի մասին հարցին` Դավթյանը նշեց, որ կալանքի հետ կապված թվերը չեն կարող միանշանակ խոսել կալանքի՝ իրենց հետաքրքրող, հուզող խնդիրների մասին: «Թվերը, որ ես ներկայացրեցի նրա համար էին, որ մասսայականություն չունի կալանքը, և որ կալանավորման միջնորդության յուրաքանչյուր դեպք ունի իր պարզաբանման կարիքը: Հաճախ հանդիպող խնդիրն այն է, որ կալանավորման համար դատարան ներկայացվող միջնորդության դեպքերը ոչ միշտ են պատշաճ որակ ապահովում: Որակ ի՞նչ առումով, որ դրանցում դատական գործով ձեռք բերված տվյալները ոչ միշտ են պատշաճ վերլուծված»,- ասաց նա, ապա հավելեց՝ նախագահի կողմից հենց դատախազության օրը բարձրացվեց միջնորդությունների որակի ապահովման խնդիրը»,- ասաց նա:
Դավթյանը նշեց, որ դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ներկայացնելու է համապատասխան պահանջների ուղեցույց:
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի կալանավորմանը, նա ասաց հետևյալը. «Արթուր Սարգսյանը կալանքից բաց էր թողնվել` պայմանավորված այն հանգամանքով, որ ստացվել էր դատաբժշկական եզրակացություն, որ նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք կալանքի համար անհամատեղելի են: Նշանակվել էր վարույթ իրականացնող մարմնի կողմից կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որն իր եզրակացությամբ չէր հիմնավորվել այդ հիվանդությունների առկայությունը, ըստ էության` կալանքի տակ պահելու հիմքերը բացարձակ առկա էին: Կրկին ներկայացվեց միջնորդություն և դատարանի կողմից կայացվեց կրկին կալանավորելու որոշում»: