կարևոր
2668 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-25 19:03
Քաղաքական

Ասացիք՝ Լաչինի միջանցքը բաց է, մենք նման բան չենք տեսնում. Ալիևի ու Փաշինյանի լեզվակռիվը՝ ԵԱՏՄ նիստում. «Սպուտնիկ»

Ասացիք՝ Լաչինի միջանցքը բաց է, մենք նման բան չենք տեսնում. Ալիևի ու Փաշինյանի լեզվակռիվը՝ ԵԱՏՄ նիստում. «Սպուտնիկ»

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի մասին, և խոսքը Լաչինի միջանցքի մասին է, որը պետք է մնար ՌԴ խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակմանը։

«Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը շեշտեց` Ալիևի կիրառած ձևակերպումը վերջին տարիներին օգտագործվում է որպես գլխագիր ընդդեմ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու համատեքստում։

«Մյուս կողմից ուզում եմ հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը` ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր ուղիները և այն հաղորդակցությունները, որոնք անցնում են ՀՀ տարածքով։ Մենք այն անվանում ենք «հայկական խաչմերուկ», և պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները` այն երկրների վերահսկողությամբ, որոնց տարածքով դրանք անցնում են»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտեց` խոսքը տրանսպորտային և հաղորդակցության այն ուղիների մասին է, որոնք նշված են 2022 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ։

Ալիևն արձագանքեց Փաշինյանի խոսքերին։ Ըստ նրա` հնչեց մեղադրանք, որ Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

«Ուզում եմ ասել`մենք նման հավակնություններ չունենք։ Պետք է շատ ջանք թափել կամ վառ երևակայություն ունենալ` իմ խոսքերում նման հավակնություններ տեսնելու համար»,– ասաց Ալիևը։ Ըստ նրա` «միջանցք» կիրառումը ոչ մի կերպ չի հավակնում դառնալ ինչ–որ մեկի տարածքի նկատմամբ ոտնձգություն։

«Դա միջազգային տերմին է, որ այն մարդիկ, որոնք ծանոթ են միջազգային տերմինաբանությանը, այնպիսի իմաստ չէին տա այն խոսքերին, ինչպիսի ՀՀ վարչապետը տվեց»,– հավելեց Ալիևը։

Նա հիշեցրեց` կա հնարավորութուն խաղաղ պայմանագրի, հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը ընդունել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Փաշինյանը կրկին արձագանքեց Ալիևի խոսքերին։ Ի պատասխան նա ընդգծեց` բոլոր նրանք, ովքեր ծանոթ են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, գիտեն, որ կա միայն մի դեպք, երբ օգտագործվել է «միջանցք» բառը, և դա Լաչինի միջանցքի մասին է։

Ալիևը կրկին պատասխանեց Փաշինյանին` նշելով, թե Ադրբեջանը ոչ մի միջանցք չի շրջափակել։ Ըստ նրա` Լաչինի ճանապարհը բաց է։

«Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը ի դեպ, Դուք ճանաչում եք, դրված է անցակետ` միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Այդ անցակետը ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքից 20 մետր հեռավորության վրա է։ Այսօր այդ անցակետով հանգիստ տեղաշարժվում են Ադրբեջանի` Ղարաբաղում ապրող, ազգությամբ հայ բնակիչները»,– ասաց Ալիևը։ Ըստ նրա` ոչ մի խոչընդոտներ չկան, այդ թվում` բուժառուների համար, որոնք Կարմիր Խաչի միջոցով, ինչպես նաև շտապօգնության մեքենաներով տեղափոխվում են Հայաստան։

«Պետք չէ այս հարթակն օգտագործել չհիմնավորված մեղադրանքների համար»,– ասաց Ալիևը։ Հավելեց` ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, ըստ նրա` իրենք են այն նախաձեռնել, դա իրենց իրավունքն է նախաձեռնել այն, ինչ իրենք համարում են օրինական, ճիշտ, որին, ըստ Ալիևի, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ։

«Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն ծրագիրը, որի մասին խոսեցիք։ Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Ես գիտեմ, որ Ռուսաստանն աջակցում է մեր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»,– ասաց Փաշինյանը։

Ճշգրտեց նաև Ալիևի` խոսքում օգտագործած «Լաչինի ճանապարհ» ձևակերպումը։ Շեշտեց` ըստ եռակողմ համաձայնության` չկա «Լաչինի ճանապարհ», կա «Լաչինի միջանցք», որը պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։

«Այն, ինչ այնտեղ կատարվում է, եռակողմ հայտարարության խախտում է։ Ասացիք` միջանցքը բաց է, մենք նման բան չենք տեսնում, այդպես չենք կարծում։ Դրա համար ցանկանում ենք, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։

Շեշտեց` նախորդ տարվա դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, քանի որ չեն կարողանում ապահովել անհրաժեշտ ապրանքների մատակարարումները, գազի, էլեկտրաէներգիայի մատարակարումները ևսարգելափակված են Ադրբեջանի կողմից։

Աղբյուր՝ armeniasputnik.am