կարևոր
505 դիտում, 5 ժամ առաջ - 2025-11-04 13:12
Հասարակություն

Բրյուսելում կայացել է «Արևմտյան ադրբեջանցիների «հայրենիք» վերադառնալու իրավունքի» մասին միջազգային համաժողովը

Բրյուսելում կայացել է «Արևմտյան ադրբեջանցիների «հայրենիք» վերադառնալու իրավունքի» մասին միջազգային համաժողովը

Ինչպես հայտնում է Yerkir.am-ի աղբյուրը, Բրյուսելում հոկտեմբերի 28-ին անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին «Արևմտյան ադրբեջանցիների» համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 120 մասնակից՝ Բելգիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իտալիայից և Ադրբեջանից։

Համաժողովը նվիրված էր, այսպես ասած, «Արևմտյան ադրբեջանցիների «պատմական հողեր» վերադառնալու իրավունքին», ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։

«Արևմտյան ադրբեջանցիների» համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ընդգծելով, որ անցած դարի ընթացքում «արևմտյան ադրբեջանցիները»  իբրև հետևողականորեն տեղահանվել են իրենց «պատմական հողերից»։

Նա նշել է, որ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով պատճառված նյութական վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, իսկ դարավոր մշակութային ժառանգության կորուստը՝ անչափելի է։

Ալաքբարլին նաև ընդգծել է, որ չնայած բազմաթիվ կոչերին՝ Հայաստանը հրաժարվել է երկխոսությունից համայնքի հետ։ Նա նշել է, որ համայնքը աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և համակեցությանը, «համահունչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական գծին»։

Համաժողովի ընթացքում բացվել է նաև լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացրել է  այսպես ասած՝ «Արևմտյան Ադրբեջանի «պատմական հողերում» ոչնչացված մշակութային ժառանգության օրինակներ»։ Մասնակիցներին բաժանվել են նաև տեղեկատվական նյութեր, պատրաստված համայնքի կողմից։

Միջոցառումն ավարտվել է բաց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները փոխանակել են կարծիքներ և պատասխանել թեմային առնչվող հարցերին։