կարևոր
1486 դիտում, 5 ժամ առաջ - 2025-11-04 09:22
Քաղաքական

Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը տանում իրարահաջորդ ցնցումների․ «Փաստ»

Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը տանում իրարահաջորդ ցնցումների․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Զանազան մանիպուլյատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում

Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:

Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:

Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…

Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է: Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։