կարևոր
898 դիտում, 5 ժամ առաջ - 2025-11-04 09:14
Հասարակություն

Հոգևորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա․ «Ժողովուրդ»

Հոգևորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգևորականներ, ինչպես նաև թեմի երեք վարչական աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։

Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգևորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգևորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։

Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբանների հետ զրույցում պարզել է, որ հոգևորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա։ Փաստաբանների կարծիքով՝ դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում ընթացող գործընթացները հնարավոր չէ իրավական անվանել։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ ՀՀ-ում ներկայումս ավելի շատ կալանավորներ կան, քան դատապարտյալներ։ Սա վկայում է այն մասին, որ հաճախ մարդկանց, դեռևս չապացուցված մեղքով, կալանքի են տանում, և միայն դրանից հետո է սկսվում դատաքննությունը, որի ընթացքում շատ գործեր ավարտվում են արդարացումներով կամ կալանավորների ազատ արձակումով։

Իրավապաշտպանները և փաստաբանները հույս են հայտնում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի կալանքի իրավական հիմնավորումների բացակայությունը և կկայացնի արդար և համաչափ որոշում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։