կարևոր
2407 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-04 00:05
Հասարակություն

Ինչո՞ւ ենք Ձեր ծառայության վայրն ինքնակամ լքել. Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոնին կանչել են Մայր Աթոռ

Ինչո՞ւ ենք Ձեր ծառայության վայրն ինքնակամ լքել. Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոնին կանչել են Մայր Աթոռ

Հաղարծինի քահանա, նախորդ կիրակի Նիկոլ Փաշինյանի շինծու պատարագի մասնակից Տեր Տարոն քահանա Հունանյանը կանչվել է Մայր Աթոռ։ Այս մասին տեղեկացրել է նա ու հրապարակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի իրեն ուղղված գրությունը, որը ներկայացնում ենք ստորև.  

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ S. ՏԱՐՈՆ ՔԱՀԱՆԱ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Սիրելի Տեր Հայր,

Ստացել ենք հոկտեմբեր 30, 2025 թվակիր Ձեր գրությունը, որով խնդրում եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների Շնորհման և Կարգապահական Հարցերի հանձնախմբի (այսուհետ՝ Հանձնախումբ) անդամների հետ հանդիպմանը ներկայանալ հաջորդ շաբաթվա մեջ։

Ընդառաջ ներկայացված խնդրանքին՝ այսու հրավիրում ենք Ձեզ 2025 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին ներկայանալու Դիվանատուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) Հանձնախմբի անդամների հետ հանդիպման:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դուք հրավիրվում եք Հանձնախմբի նիստին՝ պարզաբանումներ ներկայացնելու Ձեր ծառայության վայրն ինքնակամ լքելու, 2025 թ. հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից բեմականացված հակականոնական արարողությանը մասնակցելու (քահանայությունից արդեն իսկ լուծվածին մեղսակից լինելու), ինչպես նաև նույն օրը լրագրողներին հրապարակային հակաեկեղեցական հայտարարություններ կատարելու մասին»: