կարևոր
5332 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-23 12:05
Արցախ Քաղաքական

ՀՀ վարչապետը վերջին երկու տարիներին հրամցրել է անկարողության, անհուսության պարտվողական և կործանարար մոտեցումներ

ՀՀ վարչապետը վերջին երկու տարիներին հրամցրել է անկարողության, անհուսության պարտվողական և կործանարար մոտեցումներ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները 28 հայտարարություն են տարածել, որոնք վերաբերում են Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկա կացությանը, աշխարհաքաղաքական կենտրոնների, ՀՀ իշխանությունների մոտեցումներին: Այս մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ նշել է ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը՝ որպես բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է արտահայտի իր ժողովրդի տրամադրություններն ու ցանկությունները, և այդ հայտարարությունները բխում են հենց հանրային տրամադրություններից. «Հայտարարությունները թույլ են տալիս առաջին հերթին հստակեցնելու Արցախի իշխանությունների և ժողովրդի մոտեցումները, մյուս կողմից նաև ուղերձ են ուղղված ոչ միայն մեր բարեկամներին, այլ նաև հակառակորդներին ու թշնամիներին՝ ցույց տալով արցախահայության «կարմիր գծերը», մեր պատրաստակամությունը՝ շարունակելու պայքարը մեր հայրենիքում մեր պետականության հովանու ներքո ազատ ապրելու»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին՝ Վահրամ Բալայանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետը, խուսափելով «ԱՀ բառակապակցությունից», խոսում է միայն Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների մասին: Երկու տարի անց նա արդեն բացահայտ Արցախը համարում է այլ երկրի ներքին գործ և ասում, որ ՀՀ մտահոգության առարկան միայն 29 հազար քառ. կմ տարածքն է:

«Այս գործելաոճով վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն շոշափել է ՀՀ քաղաքացիների տրամադրությունները, այլ նաև մեր հայրենակիցներին հրամցրել է անկարողության, անհուսության, պարտվողական, կործանարար մոտեցումներ: Նմանօրինակ գործելաոճը կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն հայ ժողովրդի ներկա օրերի պատմական ճակատագրի վրա, այլ նաև տարածաշրջանում ազդեցիկ պետությունների կողմից 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին ստեղծված խաղաղության պահպանման ուժային հակակշիռների մեխանիզմներ վրա և նորից Այսրկովկասն ու հարակից շրջանները կհայտնվեն քաոտիկ վիճակի մեջ: Եթե նախկինում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված քաղաքական-իրավական փաստաթղթերում միջազգային հանրությունը ՀՀ-ն ճանաչում էր որպես պահանջատեր և Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավոր, ապա մի հարվածով այդ կարևոր կռվանները չեզոքացվում են»,- ասել է պատգամավորը՝ ավելացնելով, որ թուրք-ադրբեջանական ալյանսը Արցախի Հանրապետությանը ռազմաքաղաքական տեսանկյունից արդեն դիտարկում է որպես հեշտ մարսվող վարչատարածքային միավոր, նպաստում, որ Ադրբեջանը առավել ագրեսիվ, ծավալապաշտ վարքագիծ դրսևորի՝ այս անգամ արդեն ոչ միայն ԱՀ-ի, այլ նաև ՀՀ-ի նկատմամբ: Ուստի, քանի դեռ ուշ չէ, պետք է կանգնել: