կարևոր
1135 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-16 19:54
Հասարակություն

Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի Ժուռնալիստների Միության դեմ ընթացող համակարգված ճնշումների մասին

Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի Ժուռնալիստների Միության դեմ ընթացող համակարգված ճնշումների մասին

«ԴԻ ԷՍ ԷՅ» խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը գրում է.

«Վերջին օրերին արձանագրվում է մի վտանգավոր և անթաքույց միտում։ Պետական և իշխանական կառույցների ներգրավմամբ իրականացվում է համակարգված ճնշում Հայաստանի Ժուռնալիստների միության և դրա նախագահի՝ Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ։ Ճնշումը դրսևորվում է երկու զուգահեռ ուղղությամբ՝

1. միության գույքային իրավունքների վրա հարձակումների, և

2. Սաթիկ Սեյրանյանի անձնական վարկաբեկման արշավի տեսքով։

Այս համաժամանակյա գործընթացները չեն կարող դիտարկվել որպես իրավական առանձին դեպքեր։ Դրանք կրում են քաղաքական մոդելի ու ռազմավարության բնույթ, որի նպատակն է թուլացնել լրագրողական ինստիտուտները, վարկաբեկել դրանց ինքնուրույնությունը և վերահսկելի դարձնել հանրային խոսքը։

1. Գույքային գործընթացները՝ որպես քաղաքական ճնշման գործիք

Ժուռնալիստների միության շենքի շուրջ քրեական և վարչական գործընթացները զարգանում են միաժամանակ՝ ուղեկցվելով իշխանական դերակատարների հրապարակային մեկնաբանություններով։ Գործընթացը ներկայացվում է իբրև իրավական «սրբագրում», սակայն իր էությամբ այն նպաստում է միության ինստիտուցիոնալ թուլացմանը, որովհետև պետական մարմինները գործում են արագացված և սինխրոնացված ռեժիմով, իշխանական քաղաքական գործիչները հրապարակայնորեն ձևակերպում են մեղադրանքներ՝ դեռևս չավարտված քննության պայմաններում, իսկ գույքային ասպեկտը օգտագործվում է որպես լրացուցիչ լծակ, որպեսզի լրագրողական դաշտը դառնա ավելի հնազանդ, լուռ և ենթարկվող։

Սա ոչ թե իրավաքաղաքական գործընթաց է, այլ ինստիտուցիոնալ ճնշման համակարգ, որը վտանգում է Հայաստանում լրագրողական համայնքի ինքնավարությունը։

2. Անձնական հարձակումներ՝ որպես խոսքի ազատության սահմանափակում

Միաժամանակ արձանագրվում են անվանական, արժանապատվությունը վիրավորող և բացարձակապես անընդունելի քաղաքական որակումներ, որոնք օգտագործում են բարձրաստիճան պաշտոնյաներ, իշխող խմբակցության պատգամավորներ և իշխանամետ մեդիա դերակատարներ։

Հանրային գործչին անվանել «թուրքական քարոզիչ», «լրագրության մահվան խորհրդանիշ», կամ մեղադրել «թուրքական քարոզչական գծի շարունակող լինելու» մեջ, չի կարող դասվել քաղաքական բանավեճի շրջանակ։ Սա պետական հռետորաբանությամբ իրականացվող պիտակավորում է, որի նպատակն է ոչ միայն վարկաբեկել Սաթիկ Սեյրանյանին, այլ նաև վախի մթնոլորտ ստեղծել լրագրողների շրջանում։

3. Ժուռնալիստների միության պաշտպանությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտի պաշտպանություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը չի կարող դիտարկվել սոսկ որպես գույք տնօրինող կամ մեկ անձի ղեկավարած կառույց։ Այն տասնամյակների ինստիտուցիոնալ ժառանգություն է՝ խոսքի ազատության պաշտպանության հարթակ, լրագրողների աշխատանքային և մասնագիտական իրավունքների պաշտպան և միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևոր կառույց։

Ուստի դրա նկատմամբ ճնշումները հարված են ամբողջ մեդիա ոլորտին և լրագրողական անկախությանը։

Քաղաքացիական դիրքորոշում

Որպես հանրային գործիչ, այս զարգացումները գնահատում եմ որպես պետական իշխանության կողմից մեդիա ինստիտուտների քաղաքական վերահսկման և ճնշման հերթական շղթա, որը վտանգում է ոչ միայն լրագրողական դաշտի անկախությունը, այլև հանրային վերահսկողության մեխանիզմները, ժողովրդավարական կազմակերպվածությունը, և պետական իշխանության թափանցիկությունը։

Լրագրողական միությունը թուլացնելը նշանակում է երկիրը զրկել ինքնաքննադատության, առողջ ժողովրդավարական դեբատի, քննադատական մտածողության և հանրային վերահսկողության հիմնարար գործիքներից։

Հետևաբար, դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ու քարոզչական հարձակումները և Հայաստանի Ժուռնալիստների Միության ինստիտուցիոնալ թուլացման փորձերը, ինչպես նաև սատարումս եմ հայտնում անկախ լրագրողական համայնքին, ազատ խոսքին և մեդիա ինստիտուտներին։

Լրագրողական դաշտի պաշտպանությունը ոչ միայն քաղաքացիական կամ կորպորատիվ հարց է, այլև՝ պետական և քաղաքակրթական ընտրություն։

Հայաստանը չի կարող և իրավունք չունի վերադարձնել այն տարիները, երբ մամուլը վախեցած էր, լռեցված կամ վերահսկվող։ Լռեցված մամուլ ունեցող պետությունը կորցնում է ինքն իրեն»։