կարևոր
4000 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 09:37
Քաղաքական

Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից

Ի՞նչ և ինչո՞ւ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից

7or.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը շատ բան է թաքցնում ՀՀ քաղաքացիներից։ Օրերս նա ևս մեկ բան է թաքցրել և հետաքրքիր է հասկանալը, թե ինչու է նա դա արել։

Ինչպես հայտնի է, օրերս տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այդ մասին մամլո հաղորդագրություն է տարածել ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ Կրեմլը։ Եվ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի ու Ռուսաստանի տարածած հաղորդագրությունները բովանդակության ու շեշտադրումների մասով տարբերվում են միմյանցից։

Նախ Փաշինյանի գրասենյակը չի նշել, որ «Լադիմիր Լադիմիրիչի» հետո հեռախոսազրույցը կայացել է Փաշինյանի՛ նախաձեռնությամբ։ Փոխարենը Կրեմլը հատուկ նշել է դա հաղորդագրության հենց սկզբում՝ ցույց տալու համար, որ ՀՀ «ժողվարչապետն» է Պուտինի հետ զրույց փնտրել, այլ ոչ թե հակառակը։ Բայց սա դեռ փոքրիկ դետալ է։

Հիմա ամենակարևորի մասին։ Պաշտոնական Երևանը չի նշել, որ ՌԴ նախագահի հետ Փաշինյանը քննարկել է հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Մինչդեռ ՌԴ նախագահի գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ հատուկ նշվել է այդ մասին։

Սա ուշագրավ տարբերություն է, քանզի ինչպես հայտնի է, Փաշինյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և «խաղաղության պայմանագիրը» քննարկում է արևմտյան հարթակում, որտեղ ինքն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ռուսական տարբերակում նման ձևակերպում չկա։ Ռուսները շատ լավ հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմա լավ ժամանակներ չեն, սակայն միևնույն ժամանակ արձանագրում են, որ խնդիրն առկա է և պետք է այն կարգավորել հետագայում։

Ռուսական տարբերակին կտրուկ դեմ է Ալիևը և ձգտում է արևմտյան հարթակում հարցը լուծել, ինչը հասկանալի է։ Սակայն, այլ հանգամանքները մի կողմ դրած, հասկանալի չէ, թե ինչու է Փաշինյանը պրահյան համաձայնությունների շրջանակներում փորձում առաջ գնալ։ Ակնհայտ է, որ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում՝ դիմացն ակնկալելով արևմտյան աջակցություն 29.800–ի անվտանգության համար, բայց չի ստացել այն։ Այդքանից հետո կրկին պրահյան համաձայնություններով շարժվելը նշանակում է, որ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն վարելու խոստում է տվել Արևմուտքին և չհայտարարված ակնկալիք ունի Արևմուտքից։ Վերջինիս հետաքրքրությունը հակառուսական քաղաքականությունն է, ավելի կոնկրետ՝ Արցախից ու Հայաստանից ռուս խաղաղապահների ու Գյումրիի ռազմաբազայի դուրս բերումը։

Եթե Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում, ապա ակնհայտ է, որ ռուս խաղաղապահների դուրս գալու հարցն ավտոմատ է լուծվում, ինչից հետո արդեն Գյումրիի ռազմաբազայի դուրս բերման հարցն առաջ կգա։

Մեր տարածաշրջանից ռուսական գործոնի վերացումից հետո թուրք–ադրբեջանական զույգը շատ արագ կլուծի և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցերը։ Փաշինյանը դա գիտի, բայց այդուհանդերձ փախչում է ռուսական հարթակից, քանզի իր անձնական անվտանգության ապահովումը Արևմուտքը խոստացել է ի կատար ածել միայն հակառուսական գիծն ամբողջությամբ կյանքի կոչելուց հետո (ռուսները Փաշինյանին անձնական անվտանգության երաշխիքներ չեն տալիս)։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո մեր երկրի հետ, դրսի խաղացողներին չի հետաքրքրում, քանզի դա պետք է հետաքրքրի բացառապես Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին։