Միասին կարող ենք
կարևոր
1171 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-06 16:46
Հասարակություն

Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները

Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները

«Հետքը» գրում է․ Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորրի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ», - նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել:

Նշենք, որ 2024թ. համեմատ պարգևավճարների ընդհանուր չափը 2025թ.-ին կրճատվել է միայն Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերում (խոսքը 8 մարզի մասին է՝ բացառությամբ՝ Սյունիքի ու Վայոց ձորի): Օրինակ՝ Գեղարքունիքում 2024թ. ընդհանուր պարգևավճարի չափը կազմել է մոտ 180 մլն դրամ՝ 106 աշխատակցի հաշվով, իսկ 2025-ին 102 աշխատակից ստացել է մոտ 139 մլն դրամ:

Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների պարգևավճարների ընդհանուր գումարն ավելացել է: Օրինակ՝ եթե 2024թ.-ին Արմավիրի մարզի աշխատակիցները ստացել են 43 մլն 527 հազ. դրամ պարգևավճար, ապա 2025-ին՝ մոտ 68 մլն դրամ, Շիրակում 2024թ.-ին ստացել են 92 մլն 476 մլն դրամ, 2025-ին՝ մոտ 104 մլն և այլն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։