կարևոր
3688 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 15:14
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով դադարեցվել է Վաքըֆլըի հայ կանանց կոոպերատիվի գործունեությունը

Պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլըի կառավարիչները շարունակում են թուրքական մամուլի միջոցով ներկայացնել ուժգին երկրաշարժերի պատճառած վնասները և բարձրաձայնել գյուղի խնդիրների մասին։

Երկրաշարժի հետևանքով կյանքը գողտրիկ Վաքըֆլըում կարծես թե կանգ է առել։ Akunq.net-ի փոխանցմամբ՝ հայկական գյուղի 40 քարե տներից 30-ը ծանր վնասներ են կրել փետրվար ամսին Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերի պատճառով։

Թուրքական «Դուվար» պարբերականի թղթակցի հետ զրույցում Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը հայտնել է, որ երկրաշարժից տուժած գյուղին էական օգնություն է ցուցաբերել Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Աղբյուրի համաձայն՝ գյուղապետը նշել է, որ այստեղ գործող «Կանանց ձեռքերով պատրաստված» անվամբ կոոպերատիվն ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը։ Գյուղապետը նաև հավելել է․ «Այգիներ ենք գնում․ այգիները լալիս են։ Տուն ենք գալիս․ տունն էլ է արտասվում։ Գարունը եկել է, բայց չենք կարողանում աշխատել։ Ուժ չի մնացել գործ անելու համար»։

Պերճ Քարթունը հիշեցնելով, որ Հաթայ նահանգը, որի կազմում է գտնվում Վաքըֆլըն, քաղաքակրթությունների օրրան է եղել, շեշտել է Հաթային իր նախկին տեսքը վերադարձնելու անհրաժեշտության մասի։ «Մենք պահանջում ենք մեր Հաթայը»,-ասել է հայ գյուղապետը՝ ընդգծելով, որ այստեղ համատեղ գոյություն էին պահպանում բազմաթիվ կրոնական և էթնիկ ինքնություններ ու մշակույթներ։

Մանրամասները՝ թուրքերեն տեսանյութում․

https://www.gazeteduvar.com.tr/turkiyenin-tek-ermeni-koyu-vakifli-hatayimizi-istiyoruz-haber-1607920

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net