կարևոր
3634 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 16:53
Քաղաքական

1994թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1995թ. հարակից որոշումներով Արցախը ճանաչվել է որպես հակամարտության ու բանակցային կողմ, և թե՛ Կլաարը, թե՛ մյուսները պետք է դա որպես փաստ ընդունեն. Դավիթ Բաբայան

1994թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1995թ. հարակից որոշումներով Արցախը ճանաչվել է որպես հակամարտության ու բանակցային կողմ, և թե՛ Կլաարը, թե՛ մյուսները պետք է դա որպես փաստ ընդունեն. Դավիթ Բաբայան

Որևէ բանակցություն ադրբեջանցիների հետ տեղի չի ունեցել, քաղաքական հարցեր չեն քննարկվել ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ՝ մեր ունեցած հանդիպումների ժամանակ։ Կրկնում եմ՝ քննարկված հարցերը բացառապես հումանիտար, տեխնիկական բնույթի են եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Արցախը պաշարված է, մարդիկ սովամահ են լինում, ուստի ճանապարհի բացման, գազամատակարման, էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ պետք է աշխատենք։ Այդ շփումները պարտադրված են։ Ցավոք, ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չունենք։ Կողքից հայրենասեր լինելը հեշտ է։ Արցախը շահարկումների թեմա է դարձել որոշների համար. դա անթույլատրելի է։ Թե ով է ադրբեջանական կողմից մասնակցում շփումներին, դա մեզ չի հետաքրքրում։ Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է Արցախը ներկայացնել որպես իր մաս, բայց դա դեռևս չի նշանակում, թե այդպես է։ Միջազգային կառույցները, դերակատարները շատ լավ գիտեն, թե ով ով է, նրանք էլ իրենց շահերն են առաջ տանում։ Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի ատամներով պահել մեր ազգային շահը։ Լսում, հաշվի են նստում նրա հետ, ով իր շահը համառորեն առաջ է տանում»,-ասում է Բաբայանն ու ցավով նկատում, որ Ադրբեջանը շատ ավելի լավ է պաշտպանում իր շահերը՝ կլինի քարոզչությամբ, թե միջազգային դերակատարներին կաշառելով։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որով նա ողջունել է շփումները, Բաբայանը նկատեց.

«Կիսով չափ եմ համաձայն Տոյվո Կլաարի և մյուսների հետ, ովքեր ասում են, թե մենք ու ադրբեջանցիները պետք է խոսենք իրար հետ։

Համակարծիք եմ՝ խոսել պետք է, մենք խոսելուն դեմ չենք, բայց ձևաչափը պետք է ճիշտ ընտրվի։ 1994թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1995թ. հարակից որոշումներով Արցախը ճանաչվել է որպես հակամարտության ու բանակցային կողմ, և թե՛ Կլաարը, թե՛ մյուսները դա որպես փաստ, որպես հենք պետք է ընդունեն»։

Քանի որ այդ ձևաչափին Ադրբեջանը չի համաձայնվում ու մոտակա ժամանակներս դժվար էլ համաձայնի, ըստ այդմ, Բաբայանի խոսքով, երկարատև ու շատ բարդ ճանապարհ ունենք անցնելու։

«Մինչ այդ, հումանիտար հարցերը քննարկել, լուծել է պետք։ Դրանք չենք կարող անորոշ ժամանակով հետաձգել։ Մյուս կողմից, կարևոր է այն հանգամանքը, որ մեր բոլոր շփումները ռուս խաղաղապահների մասնակցությամբ են լինում, ու դա է ճիշտը»,-նկատեց Բաբայանը։