|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով հուլիսի 1-ից կուտակայինի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ կմտնի: Միայն ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց նախագծին: ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունները կողմ քվեարկեցին:
Նախքան քվեարկությունը վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը մշտապես դեմ է արտահայտվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը: «Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել: Այդուհանդերձ, ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,- ասաց պատգամավորը:
Վարման կարգով խոսեց նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նույնպես հիշեցրեց՝ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, բայց այս նախագծին կքվեարկեն ձեռնպահ: «Մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է բարելավում, բայց չի լուծում կարևոր հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման հարցը, որի դեմ պայքարել ենք երկար տարիներ: Այն առաջացնում է լուրջ խնդիրներ՝ խափանում և խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, խաթարում է անձի սեփականության իրավունքը և ստիպում, որ մարդը, այսօրվա իր հարցերը չլուծած, գումար հետ գցի վաղվա համար»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ սա հրատապ քայլ է և պետք է կատարվի: «Սակայն կառավարությունն էլ ասում է, որ պարտադիր բաղադրիչի էջը փակված չէ, բայց քանի որ կա բարելավում, կողմ կքվեարկենք»,- նշեց նա: