կարևոր
3271 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 14:26
Քաղաքական

Հիասթափությունը բնական է, որովհետև մեր նպատակին դեռ չենք հասել. Ասպրամ Կրպեյան

Հիասթափությունը բնական է, որովհետև մեր նպատակին դեռ չենք հասել. Ասպրամ Կրպեյան

Parliamentmonitoring.am-ը գրում է․

«Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ։ 

–Օրերս Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը շարունակում է պայքարն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս: Դուք ինչպե՞ս եք արդարացնում ընդդիմության՝ խորհրդարանում լինելը:

–Ընդդիմությունը պետք է բոլոր հարթակներում լինի։ Ընդդիմությանը մանդատ տվել են ոչ թե դրանով ժողովրդից պաշտպանվելու կամ երկրի առջև ծառացած խնդիրներից պատսպարվելու համար, այլ այդ խնդիրներին լուծումներ տալու և մեր հասարակությանն այս օկուպացիոն ռեժիմից ու նրա հակահայ քաղաքականությունից պաշտպանելու համար: Ես համաձայն եմ բոլոր կառուցողական քննադատությունների հետ, մենք շատ մեծ անելիք ունենք, դեռ ամբողջ ծավալով չենք իրացրել մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը: Մենք վճռական ենք և բնավ չենք պատրաստվում հետ կանգնել մեր քաղաքացիներին տված խոստումներից և մեր հանձնառությունից: Քաղաքական հայտ ներկայացրած խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները այդ հայտով պատասխանատվություն են ստանձնել և դա պետք է հավուր պատշաճի արդարացնեն: 

–Ըստ էության, արձանագրում եք՝ հանրության գոնե այն հատվածը, որը վստահել էր ընդդիմության փողոցային պայքարին, լուրջ հիասթափություն է ապրել:

–Ես լուրջ հիասթափություն ձևակերպումը չէի տա, բայց հիասթափությունը շատ բնական է, որովհետև մենք մեր վերջանպատակին դեռ չենք հասել: Ես դա որակում եմ որպես դժգոհություն: Ակնհայտ է, որ բոլորիս գոյությանը սպառնացող խնդիր ունենք, և այդ խնդիրը պետք է լուծում ստանա: Այդ խնդրին լուծում տվողը քաղաքական հայտ ներկայացրած ազգային ուժերն են, և այդ ուժերը պետք է վճռականություն, առաջնորդություն ստանձնեն այդ խնդիրներին լուծում տալու համար: Քանի դեռ վերջնարդյունքին չենք հասել, կառուցողական քննադատությունները, դժգոհությունները և կամ ակնկալիքները շատանալու են: Ազգային ուժերն այսօր պայքարում են ոչ միայն իրենց մանդատ տված ՀՀ քաղաքացիների իրավունքների, այլ բոլորի իրավունքների պաշտպանության համար՝ լինի Արցախում, Հայաստանում, սփյուռքում: Մեր հանձնառությունը շատ ավելի մեծ է, համազգային է:

–Ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը սովորաբար հայտարարություն է անում, ասուլիս հրավիրում, բայց տևական ժամանակ է՝ լուռ է։ Որոշել է թողնե՞լ քաղաքականությունը: 

–Այս հարցը պետք է հենց երկրորդ նախագահին ուղղեք: Ես մի համոզմունք ունեմ՝ այս մարտահրավերը մեկ անձի և մեկ կուսակցության ուժերից վեր է: Հանգուցալուծելու համար անհրաժեշտ է համախմբում, և դա մեկ բանաձև ունի՝ «կոնսենսուս մինուս մեկ»: «Մեկը» այս օկուպանտ իշխանությունն է։ Յուրաքանչյուրս, հատկապես նրանք, ովքեր երբևէ պատասխանատու պետական պաշտոններ են զբաղեցրել մեր երկրում, պետք է մասնակցեն այս գործընթացին, կրեն իրենց պատասխանատվությունը: Ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է:

–Վերջին շրջանում հաճախ ենք լսում, թե Հայաստանում իշխանությունը փողոցում ընկած է, բայց վերցնող չկա։ Ինչո՞ւ ընդդիմությունը գործնական ոչինչ չի անում։

–Ես կարող եմ մեկ ձևակերպմամբ այս հարցին անդրադառնալ. մենք հիմա պայքարում ենք պետական ապարատի կուռ համակարգի, օկուպացիոն համակարգի դեմ: Այդ համակարգի դեմ արդյունավետ պայքար վարելու միակ նախապայմանը համակարգ ունենալն է, համակարգ ստեղծելն է: Հիմա այդ գործընթացում ենք։ Պետք չէ նոյեմբերի 9-ի դավաճանագրի ստորագրմանը նախորդած ու հաջորդած գործընթացները որպես առանձին դրվագներ դիտարկել ու ասել՝ այ, տեսեք, մեկ անգամ փորձեցինք՝ Հայրենիքի փրկության շարժումն էր, հետո Դիմադրության շարժումն էր, չստացվեց, հիասթափվենք, գնանք տուն: Անընդհատ պետք է փորձենք, հղկվենք, գերբնական ջանքեր գործադրենք, որովհետև այս մարտահրավերը գերբնական և համախմբված ջանքով է հնարավոր հաղթահարել: Սա պետք է լինի բոլորիս բանաձևումը պայքարի, իսկ նպատակը պետք է լինի մեր հայրենիքի արժանապատիվ ներկան ապահովելը: Սրանց հեռացումը ընդամենը նախապայման է, որ կարողանանք էլ ավելի մեծ գերբնական ուժով փորձենք որևէ բան ստեղծել մեր պատմական հայրենիքում: 

–Կառավարության վերջին նիստում հայտարարվեց, որ խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է ուղարկվել Ադրբեջան, ԱԺ նախագահն էլ ասաց, որ մի քանի կետերի հետ կապված առարկություններ կան: Ինչպե՞ս եք սա գնահատում: 

–Այս օկուպացիոն ռեժիմը, կոլաբորացիոնիստների հանցախումբը շատ հստակ առաքելությամբ է եկել: Իրենք գիտեն՝ ինչ են անում, գիտեն, թե ինչ համաձայնություններ են տվել և ինչ նախապայմանների են համաձայնել: Այդ նախապայմանները ոչ միայն «խաղաղության համաձայնագրին» են վերաբերում, այլև հայ-թուրքական հարաբերություններին: Իրենք իրենց հակահայ քաղաքականությունը շատ անսխալ իրականացնում են: Մենք չենք կարող նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրածից կամ նրա հանցախմբի որևէ ներկայացուցչից ակնկալել, որ որևէ դրվագում նրանք պիտի հայկական ազգային շահը սպասարկող, առաջնահերթություն համարող դիրքորոշումներ հայտնեն, առավելևս, բանակցային սեղանի շուրջ այդ շահը սպասարկեն: Նման ակնկալիք չունենք, նման ակնկալիք ունենլը կնշանակեր առնվազն միամիտ լինել: 

–Ի վերջո, հաջողվելո՞ւ է հասնել արտահերթ գործընթացների: Տեսնում ենք, որ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաև Արցախի ներքաղաքական կյանքում: 

–Ես հետաքրքիր չէի բնութագրի, վտանգավոր կբնութագրեի Արցախում տեղի ունեցող գործընթացները: Դրա մասին Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ հստակ դիրքորոշում են հայտնել, վտանգների մասին բարձրաձայնել են, և այնտեղ ամփոփ ներկայացված են այն բոլոր մտահոգությունները, որ Արցախում ունեն ազգային ուժերը: Արցախում տեղի ունեցողը պատճառահետևանքային կապ ունի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ: Բոլոր հարթակներում մեր միջազգային գործընկերները փակ քննարկումների ժամանակ հստակ ասում են, որ մեր իշխանությունը հրաժարվել է Արցախի նկատմամբ ունեցած հանձնառությունից: Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում պայքարում են միայն ազգային ուժերը: Այսինքն, Հայաստանի օկուպացիոն ռեժիմը, Թուրքիան և Ադրբեջանը մեկ ճակատով են հանդես գալիս, որովհետև իրենց համար Արցախը ադրբեջանական տարածք է, իսկ ազգային ուժերը պայքարում են Արցախում, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների համար:

Ինչ վերաբերում է արտահերթ գործընթացներին, ապա ամեն բան կարող է լինել»: