կարևոր
1246 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-15 09:09
Քաղաքական

Հակոբ Արշակյանը չի շտապում․ «Հրապարակ»

Հակոբ Արշակյանը չի շտապում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, եւ չպարտադրեն։ 

Մեզ հետ զրույցում Արշակյանն ասաց, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ կառաջադրվի, թե ոչ` հրաժարվեց պատասխանել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՔՊ համագումարին նրան թույլ չտվեցին մասնակցել՝ 30 հազար դրամ կուսանդամավարձը չվճարելու պատրվակով: Սակայն, ասում են, Արշակյանն ամեն ինչի հետ չէ, որ համաձայն է եւ երբեմն անգամ չի խորշում դեմ գնալ Փաշինյանին։

Մեզ ասացին նաեւ, որ բավականին թվով ՔՊ-ականներ կան, որոնք թեպետ գիտեն, որ շանս չունեն եւ 500 հազար դրամը ջուրն են գցելու, բայց Փաշինյանի ահից՝ ստիպված առաջադրվում են, որ գլխացավանքի մեջ չընկնեն: Նշենք, որ ՔՊ-ն «գլխագին» է պահանջում առաջադրվող թեկնածուների համար․ կես միլիոն դրամ՝ ՔՊ-ականներից, 1.5 մլն` անկուսակցականներից։ Նոյեմբերի վերջին կավարտվեն առաջադրումները, հետո նախ ցուցակները կզննի ու կզտի ՔՊ վարչությունը, իսկ հետագայում համագումարով` քվեարկությամբ կկազմվեն ցուցակների վերջնական տարբերակները: Գումարները վճարում են հենց առաջադրման փուլում, անկախ նրանից՝ հետագայում կընտրվեն, թե ոչ, գումարը հետվերադարձման ենթակա չէ։