կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 13:38
Քաղաքական

Ամեն 3-րդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան․ Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Խորհրդարանում տեղ չունի, այլև Հայաստանում պետք է տեղ չունենա իր հակապետական և դավաճանական գործունեության համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները պետք է չլինեն խորհրդարանում։

Մամիջանյանի պնդմամբ՝ ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։

«Դավաճանից նման բան լսելը զարմանալի չէ։ Իր թե՛ գործունեությամբ է ցույց տվել, թե ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, և թե՛ օր օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է նրան վարժեցրել և ովքեր են մինչ օրս նրա կուրատորները։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խորհրդարանում տեղ չունի, այլ իր այս հակապետական և դավաճանական գործունեությամբ Հայաստանում պետք է տեղ չունենա։ Վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր, որ ինքն որոշեր՝ ով պետք է լինի խորհրդարանում, ով՝ ոչ»,– ասաց Մամիջանյանը։