կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 12:42
Իրավական

Ցածրակարգ ռեպրեսիա է․ փաստաբանը՝ հոգևորականների հարցաքննության մասին

Ցածրակարգ ռեպրեսիա է․ փաստաբանը՝ հոգևորականների հարցաքննության մասին

Իրավաբանների, փաստաբանների համար էլ անհասկանալի է, թե նախաքննական մարմինն ինչ է քննում, ինչ է ցանկանում իմանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

Հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, որն առնչվում է խտրականությանն ու հավաքներին մասնակցելուն հարկադրելուն։ Նախօրեին հարցաքննվել էին Արագածոտնի թեմի քահանաներ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Մուշե քահանա Վահանյանն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հայր Ռուբենին հանրային հարթակում, նաև լրատվամիջոցների հետ շփումների ժամանակ իր հնչեցրած արտահայտությունների շրջանակում հարցեր են ուղղվել։ Սա անտրամաբանական է, որովհետև հայր Ռուբենն իր կարծիքն արդեն իսկ հրապարակավ հայտնել է բոլորիս, այսինքն՝ հայտնի է, թե ինչ է ասել և ինչ է ասում որպես հոգևորական, որպես Հայաստանի քաղաքացի, հետևաբար մեզ համար էլ անհասկանալի է՝ ի՞նչ քննություն է, որ ի՞նչ պարզեն։ Մեր գնահատմամբ՝ ուղղակի նեղություն տալու, այսպես ասած, իբրև իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը, որ տեսեք` մենք ձեզանով հետաքրքրված ենք, ձեր խոսքը գրաքննվում է։ Ցածրակարգ ռեպրեսիա է»,- ասաց Ֆարմանյանը։

Փաստաբանի խոսքով՝ հայր Ռուբենի հարցաքննությունը բավականին երկար է տևել՝ գրեթե 3 ժամ, քանի որ այդ ընթացքում նա, բառի բուն իմաստով, դասախոսություն էր կարդում։

«Եկեղեցու կանոնական ընթացակարգերին վերաբերող հարցեր էին հնչում, խեղճ մարդը ստիպված եկեղեցական մեկնաբանություններ էր անում»,- ասաց փաստաբանը։

Հիշեցրեց՝ հայր Ռուբենը նույնիսկ Մայր աթոռի պարգևների շնորհման և կարգապահական հանձնախմբի անդամ չէ։ Նրա կարծիքով՝ այս ամենը պարզապես հոգևորականների դեմ ուղղված բռնաճնշումների, հակաեկեղեցական արշավի մաս է։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։