|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղը Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Կեսգիշերից արդեն դադարեցված է քարոզչությունը, մի խոսքով՝ այսօր լռության օր է, և կարելի է մի քանի հիմնական դիտարկումներ անել: Եվ այսպես, «ինչի՞ մասին են» վաղվա ընտրությունները: Փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ դրանք ավելին են, քան սոսկ ՏԻՄ ընտրությունները: Բանն այն է, որ թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իշխանությունների համար սա դառնում է յուրատեսակ վերջին փորձաքար սպասվող համապետական ընտրություններից առաջ:
Հաջորդը. քվեարկությունը, որն ընդգրկում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը, դիտվում է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթաց, այլ նաև երկրի ավելի լայն քաղաքական և հասարակական զարգացումների մաս։ Վերջին ամիսներին Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների շուրջ ծավալված լարվածությունն ակնհայտորեն ազդել է ընտրական տրամադրությունների վրա։ Քաղաքագետների գնահատմամբ, Վաղարշապատի ընտրությունները դիտարկվում են որպես հարթակ, որտեղ արտահայտվելու է հասարակական վերաբերմունքը տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ։
Մյուս կողմից՝ վաղը լուրջ քննություն է քաղաքական ուժերի ու դիտորդների համար՝ ընտրությունների ընթացքի վերահսկման առումով: Բանն այն է, որ իշխանության թեկնածուների և ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունն ընթացել է երկկողմանի մեղադրանքներով՝ ներառյալ վարչական լծակների կիրառման, քաղաքական ճնշումների կամ ընտրակաշառքի մասին հայտարարությունները։
Ոստիկանությունը արդեն արձանագրել է մեկ քրեական դեպք, որը վերաբերում է դպրոցի տնօրենի կողմից հնարավոր իրավախախտումներին։ Միևնույն ժամանակ, լրագրողների և բլոգերների մի մասը հայտնել է, որ գործել են լրացուցիչ սահմանափակումներ տեղեկատվության տարածման ընթացքում։ Ակնկալվում է, որ կիրակի օրը Վաղարշապատում դիտորդների մեծ ներգրավվածություն կլինի, և ամբողջ Հայաստանի ուշադրությունը սևեռված կլինի ընտրություններին։ Սա հույս է ներշնչում, որ վերահսկման այս «քննությունը» ևս հնարավոր կլինի պատվով հաղթահարել:
Քաղաքագետների կարծիքով, ընտրությունների դաշտում առկա է երկու հակադիր մոտեցում. մի կողմը շեշտում է համայնքային զարգացման և կառավարման խնդիրը, մյուսը՝ ընտրությունների ազդեցությունը Եկեղեցու շուրջ ձևավորված վիճակի և պետություն-Եկեղեցի հարաբերությունների վրա։ Տարբեր դերակատարների ուղերձները նույնպես ուժեղացել են։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այժմ գտնվում է ազատազրկման վայրում, ընտրողներին հղած իր ուղերձում կարևորել է մասնակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդյունքը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Վաղարշապատի, այնպես էլ երկրի ընդհանուր ընթացքի վրա։