կարևոր
3883 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-19 11:40
Աշխարհ Քաղաքական

ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից. պատգամավոր

ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից. պատգամավոր

Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին  Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ մասնակցությամբ քննարկմանը:

«Մյունհենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների աչք ծագող հանգամանքներից մեկն այն էր, թե ինչքան ներդաշնակ էին Ալիևի ու Փաշինյանի ձևակերպումները:

Ե´վ Հայաստանից, և´ Ադրբեջանից հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է դուրս գա Արցախի հարցով բանակցություններից և թեման տեղափոխվի Ադրբեջանի ու Արցախի երկկողմ ձևաչափ:

Ե´վ Հայաստանի և´ Ադրբեջանի ղեկավարները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն միայն 2 երկրներին վերաբերվող խնդիրների շուրջ, Արցախի հարցը դրանում տեղ չունի:

Այս ծանր իրավիճակներում Արցախին Ադրբեջանի հետ դեմ-դիմաց` միայնակ թողնելը, հավասարազոր է Արցախի կլանմանը կամ ադրբեջանացմանը հանձնել:

Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի մոտեցումները ևս բավականին մոտ են` «Լեռնային Ղարաբաղի հայեր» և «Ղարաբաղի հայություն»:

Ճիշտ է` Ադրբեջանն առարկում է նաև «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմանը, սակայն նրա համար դա ոչ թե բովանդակային, գաղափարական խնդիր է, այլ պարզապես չի արտահայտում Ադրբեջանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

Ե´վ Ադրբեջանի և´ ՀՀ իշխանությունները Արցախի խնդիրը դիտարկում են ոչ թե կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի իրացման կամ դրա միջազգային ճանաչման շրջանակներում, այլ «Արցախում ապրող հայերի իրավունքների ու ազատությունների շրջանակներում»:

Սա քարտ-բլանշ է Ադրբեջանի ձեռքերում հայտարարելու, որ պատրաստ է ապահովելու Արցախում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները ճիշտ այնպես, ինչպես իր մնացած շրջաններում և խնդիրը համարել ավարտված:

Արցախին վերաբերող առանցքային խնդիրների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները համահունչ էին, որոշակիորեն տարբերվում էին փաթեթավորման հարցերը:

ՀՀ իշխանության դիրքորոշումն ակնհայտ է` ՀՀ-ին ամբողջությամբ դուրս բերել Արցախի հարցով բանակցություններից, ըստ էության, ընդունել ադրբեջանական գաղափարական առաջնահերթությունները, իսկ մնացած արդեն ժամանակի ու տեխնիկայի խնդիր է:

Փաշինյանական իշխանության հիմնական մտահոգությունը հայ հանրությանը համոզելն է, որ Արցախը ոչ թե ինքն է հանձնում, այլ մյուսները:

«Մյուսների տակ» արդեն կարևոր չէ, թե ովքեր են` «պադստավկա» լինող արցախցինե՞րը, Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական արևմուտքը»,- գրել  է նա: