կարևոր
3241 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 22:31
Քաղաքական

Ինչպես Թալեաթի հետ նարդի խաղալը չփրկեց Զոհրապին ցեղասպանվելուց, այնպես էլ Էրդողանի հետ սիրախաղը չի պաշտպանելու Հայաստանին Թուրքիայի հարձակումից

Ինչպես Թալեաթի հետ նարդի խաղալը չփրկեց Զոհրապին ցեղասպանվելուց, այնպես էլ Էրդողանի հետ սիրախաղը չի պաշտպանելու Հայաստանին Թուրքիայի հարձակումից

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, պատմության մեջ հայտնի է «ագրեսորին խաղաղեցման քաղաքականություն» կամ Appeasement անունով:

Սա քաղաքական գիծ է, ըստ որի հնարավոր է ագրեսորին զսպել բանակցություններով և զիջումներով, ադպիսով կանխելով պատերազմը:

Նախքան Երկրորդ աշխարհամարտի մեկնարկը հենց այս քաղաքականությունն են վարել Եվրոպական խոշոր տերությունները` Անգլիայի նաև Ֆրանսիայի գլխավորությամբ:

Ոչ գաղտնի բանակցությունները, ոչ Չեխոսլովակիայի զիջումը Գերմանիային, ոչ որևէ կերպ նրան չգրգռելու քաղաքականությունը` չզսպեցին Գերմանիային, չկանխեցին ՄԵԾ պատերազմը, Ֆրանսիայի և Եվրոպայի մեծ մասի օկուպացումը, Լոնդոնում ռուբերի պայթումը....

Այս քաղաքականությունը միայն ժամանակ տվեց Գերանիային ավելացնելու ռազմական պոտենցիալը և հզորությունը, կառուցելու պատերազմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները և ավելի պատրաստ լինելու այն պատերազմին, որն ինքը վարելու էր ամեն դեպքում:

Միայն ագրեսորի դեմ բոլոր միջոցներով պայքարելու գաղափարի ամրագրումից և դրա դեմ հնարավորինս ընդարձակ միջազգային կոալիցիա կազմելուց հետո հնարավոր եղավ պայքարել և հաղթել ֆաշիզմին:

Նույնն է հիմա Թուրքիայի պարագայում: Ինչպես Թալեաթի հետ նարդի խաղալը չփրկեց Զոհրապին ցեղասպանվելուց, այնպես էլ Էրդողանի հետ սիրախաղը չի պաշտպանելու Հայաստանին Թուրքիայի հարձակումից:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ ամենամեծ սուտը, որ կիրառում է իշխող ուժն այն է, որ Թուրքիայի հետ «կարգավորված» հարաբերություններն ինքնին կանխարգելող և զսպող դեր կունենան պատերազմի դեպքում: Մինչդեռ այս ընթացքը Թուրքիան և Ադրբեջանն օգտագործում են պատրաստվելու համար, իսկ Հայաստանի ներկա իշխանությունները մեր հանրության զգոնությունը բթացնելու համար:

Սրանում համոզվել ցանկացողները կարող են նայել Թուրքիա-Սիրիա հարաբերությունների օրինակը, երբ հետզհետե «ջերմացող» թուրք-սիրիական հարաբերությունները չխոչընդոտեցին Թուրքիային ներգրավվելու Սիրիական ճգնաժամում, փաստացի ներխուժելու Սիրիա, պարբերաբար Սիրիայի տարածքում «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնելու համար:

Հետևաբար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ագրեսորին դիմակայելու ամենաարդյունավետ քաղաքականությունը շարունակում է մնալ նրան բոլոր ճակատներում դիմադրելը, նրա դեմ պայքարում մենակ մնալու փոխարեն հանարավորինս լայն կոնսոլիդացիայի ստեղծումը, սեփական հնրության մոբիլիզացումը:

Բայց այս ամենն, իհարկե, չեն կարող անել օկուպացիոն վարչակարգերը:

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր