կարևոր
3898 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-17 13:51
Քաղաքական

Ազգայինի ու պետականի արհեստական հակադրությունը պետք է քանդել․ Ռուբեն Մելիքյան

Ազգայինի ու պետականի արհեստական հակադրությունը պետք է քանդել․ Ռուբեն Մելիքյան

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Մի առիթով երեկվանից մտածում եմ «ազգայինի» ու «պետականի» հակադրության՝ վերջին շրջանի «մոդայի» մասին։ Ակնհայտ է, որ այդ թրենդը շատ գրագետ ձևով հրահրել է քպ-ական քարոզչամեքենան՝ նպատակ ունենալով ճնշել մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ եռացող «ազգային մոտիվացիան»։ Նրանք հո լա՞վ են հասկանում, որ ինչ էլ անեն, ոնց էլ մարդկանց «գլուխները հարդուկեն», որքան էլ վարպետորեն օգտագործեն ընդդիմության կոպիտ սխալները, միևնույն է - թե՛ Հայրենիքում ու թե՛ Սփյուռքում բնակվող հայ մարդը բացարձակ գերակայությամբ ԱԶԳԱՅԻՆ է - ապազգային չէ՝ իրենց դավաճանական խմբակի պես։ Ու ինչ պիտի անե՞լ - պիտի ազգայինին հակադրել ոչ թե ապազգայինը, գլոբալիստականը, այլ ՊԵՏԱԿԱՆԸ՝ դրանով քողարկված ձևով հարվածելով ազգայինին։

Եվ ահա այս շատ վարպետորեն բանեցվող քարոզչությանը տրվելով - ազգայինը կրող որոշ մարդիկ կամաց-կամաց սկսում են կասկածել, մտովի հակադրել ազգայինն ու պետականը՝ ի շահ պետականի։

Ո՞րն է այս նիկոլական անբարո քարոզի «հակաթույնը»։ Չգիտեմ։ Բայց ակնհայտ է, որ պետք է խոսե՛լ այս մասին ու փորձել քանդել ազգայինի ու պետականի արհեստական հակադրությունը։

Եթե զգամ հետաքրքրություն, ապա երևի այս հարցի շուրջ մի իրավա-փիլիսոփայական լայվ կանեմ: Եթե՝ չէ - չէ։

Հիմա միայն մի քանի կարճ թեզ կգրեմ։

1) Ազգայինն ու Պետականը հարաբերակցվում են՝ ինչպես Հոգին ու Մարմինը - առանց հոգի՝ մարմինը կվերածվի Զոմբիի։ Մեզ զոմբի-պետությու՞ն է պետք, թե՞ Հայաստանի Հանրապետություն։

2) Մեր «մարմինը» անվարժ է ու թույլ - ուստի այն մարզելու համար ուզած-չուզած, պետք է օգտվենք այդ հարցում լավ փորձառություն ունեցողների օրինակից։ Բայց պիտի ընտրովի ձևով վերցնենք միայն այն փորձը, որը մեր «մարմնին» պիտանի է (օրինակ՝ իսկապես անկախ դատարանը - որպես «պետական» արժեք)։

3) «Հոգին» (այսինքն՝ Ազգայինը) նույնպես պիտի ամրացնենք։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ պահքով (ինքնասահմանափակմամբ), «ինքնաճանաչողությամբ», խոստովանությամբ, դատարկ ինքնամեծարումից հրաժարմամբ, և այլն»։