կարևոր
7603 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 20:59
Տնտեսական

Հայաստանի տնտեսական ցուցանիշները մեկ օրում կարող են վերանալ, եթե ռուսները վերադառնան իրենց երկիր․ Սուրեն Պարսյան

Հայաստանի տնտեսական ցուցանիշները մեկ օրում կարող են վերանալ, եթե ռուսները վերադառնան իրենց երկիր․ Սուրեն Պարսյան

«2023թ-ի պետական բյուջեն պլանավորվել է այս տարվա աննախադեպ բարձր ցուցանիշների ֆոնից ելնելով, սակայն ակնհայտ է, որ այդ ցուցանիշները տնտեսական գործոններով չեն պայմանավորված եւ մեկ օրում կարող են վերանալ, եթե օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմը դադարի եւ ռուսները վերադառնան իրենց երկիր՝ իրենց հետ տանելով նաեւ իրենց բիզնեսներն ու Հայաստան հոսող գումարները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով «Բյուջե 2023»-ին, ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սուրեն Պարսյանը։

Նրա փոխանցմամբ՝ եթե նման բան տեղի ունենա, ապա եկող տարվա պետբյուջեն կդառնա ընդամենը փաստաթուղթ՝ առանց որեւէ հիմքի եւ հիմնավորման։ Ըստ տնտեսագետի, կառավարությունը սա լավ հասկանում է, բայց դրանով հանդերձ բավականին մեծ՝ 2,6 տրիլիոն դրամի չափով թիրախ է սահմանել, որը այս տարվա պետբյուջեի նկատմամբ 15 տոկոսով ավելին է։ Նպատակը, ըստ Պարսյանի, հանրության մոտ դրական սպասումներ առաջացնելն է, բայց անգամ իրենք չեն հավատում, որ այդքան գումար են հավաքագրելու։

«Կառավարությունն այնպիսի ծրագրեր է նախատեսել, որոնք իրատեսական չեն, օրինակ, կապիտալ ծրագրերի մասով նախատեսել են աճ՝ հասցնելով մինչեւ 550 միլիարդ դրամի, իսկ այդ ծրագրերի երկու երրորդը նախատեսում է պաշտպանական ծրագրերի իրականացում։ Այս ռազմական լարված պայմաններում այդպիսի ծախսեր անելը , ուղղակի անհավանական է, այսինքն, եթե նրանք այդպիսի ծախսեր անող լինեին, դա կանեին նախորդ երկու տարիներին։

Հետեւաբար, բյուջեն ուռճացված թիվ են դարձրել կապիտալ-շինարարարական ծրագրերի մասով եւ ցանկացած ժամանակ կարող են նշել, որ սահմանին լարվածություն կա, ադրբեջանցիները կրակում են, հետեւաբար մենք ենթակառուցվածքները ամբողջ ծավալով չենք կարողացել անել»-նկատում է տնտեսագետ։

Սուրեն Պարսյանի խոսքով, եկող տարվա բյուջեի հիմքում դրված է 7 տոկոսանոց տնտեսական աճը, որի հիմքում բացատրություն ու տրամաբանություն չկա, բացի նրանից, որ ռուսները մնալու են Հայաստանում եւ այդ գումարները մնալու են երկրում։ Մասնագետն ասում է՝ իշխանությունը չի մտածել, թե Հայաստանի տնտեսության հետ կառուցվածքային ինչ փոփոխություններ կարող են լինել, եթե ռուսները հեռանան։

«Վաղվա օրվա մասին չմտածելու միտումը ակնհայտ է ամբողջ բյուջեի մեջ եւ մենք, արդյունքում, ավելի մեծ ռիսկեր ենք ունենում, քանի որ պլան Բ տարբերակ բյուջեում չկա»-բացատրում է մասնագետը։

Պարսյանը ողջունում է, որ կառավարությունը որոշել է ավելացնել սոցիալական բլոկի ծախսերը, օրինակ, միջինը 3500 հազար դրամով ավելացնել թոշակը, նվազագույն աշխատավարձը 7000 դրամով բարձրացնել, բայց այս բարձրացումները, միեւնույն է, թույլ չեն տալու փակել գնաճի հետեւանքները եւ թոշակառուն ու նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին շարունակելու է մնալ աղքատ։

Այս տարվա տվյալներով, նվազագույն սպառողական զամբյուղը 82 հազար 200 դրամ է կազմում, մինչդեռ ծրագրվում է, որ նվազագույն աշխատավարձը հուլիսի մեկից պետք է դառնա 75 հազար դրամ։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի ՀՀ տնտեսության հետ, եթե ռուսական գործոնը այլեւս չաշխատի, Պարսյանն ասաց․ «Նախ, մենք կունենանք փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսինքն, դրամը կվերադառնա իր նախկին կուրսին, ինչը կհանգեցնի ներկրվող ապրանքների գների աճին, որը կզրոյացնի կառավարության պլանավորած սոցիալական ծրագրերը։ Հաջորդը կլինի մի շարք ոլորտների՝ ծառայության, առեւտրի անկումը։ Մենք նմանատիպ իրավիճակ ունեցել ենք 2008-2009 թթ-ին, երբ դրսից ներդրումները նվազեցին եւ մենք 14,1 տոոկոս անկում ունեցանք»։

Ինչ վերաբերում է, առհասարակ, ռուսական տնտեսությունից Հայաստանի տնտեսության կախվածությանն ու հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման ֆոնին տնտեսական հնարավոր հետեւանքներին, Սուրեն Պարսյանն ասաց, որ երկու երկրները սերտ առեւտրային-քաղաքական կապեր ունեն եւ ՌԴ-ն է Հայաստանի թիվ 1 առեւտրային գործընկերը։

«Օրինակ, 2021թ ՀՀ-ի արտահանման 28 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ ներկրման՝ մոտավորապես 33 տոկոսը։ Մենք ՌԴ-ից ենք ներկրում Հայաստան ներկրվող սննդամթերքի մոտ 60-70 տոկոսը, օրինակ՝ ցորենի 90 տոկոսը, էներգակիրների 90 տոկոսը, խոսքը վերաբերում է դիզելային վառելիքի, սեղմված գազ, հեղուկ գազ եւ այս պայմաններում, օրինակ, սեղմված գազի գինը մեզ համար բավականին հարմար է եւ համեմատաբր էժան է, քան եվրոպական երկրների դեպքում»։

Տնտեսագետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը շատ ցածր է, ու եթե մենք ՌԴ-ից չկարողանանք առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրել, այդ թվում՝ ցորեն, ձեթ, շաքարավազ, կունենանք պարենային ճգնաժամ։ Սրան կարող է գումարվել էներգետիկ ճգնաժամը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի էներգետիկ կազմակերպությունները պատկանում են Ռուսաստանին։

«Մենք բավականին սերտ կապեր ունենք ՌԴ-ի հետ եւ նաեւ մեծ տտրանսֆերտներ ենք ստանում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ղրիմի ճգնաժամի շրջանում սանկցիաների հետեւանքով նաեւ, Հայաստանի տնտեսությունը բավականին կրճատվեց»-եզրափակեց Սուրեն Պարսյանը։

Աղբյուր` Փաստինֆո