կարևոր
3136 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-09 10:10
Քաղաքական

Փաշինյանը սպառնացել է թիմակիցներին․ մանրամասներ ՔՊ-ի փակ հավաքից

Փաշինյանը սպառնացել է թիմակիցներին․ մանրամասներ ՔՊ-ի փակ հավաքից

«Հրապարակ» թերթը գրում է․

Նախօրեի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների այդքան սպասված հանդիպումը։ Սպասված էր այն պարզ պատճառով, որ տեղի ունեցավ ՔՊ համագումարից եւ հատկապես վարչության ընտրությունների կեղծումից հետո։ Եվ նախորդ հանդիպումը հենց այդ կեղծման պատճառով չեղարկվել էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ասում են, վրդովված է եղել: Մի խոսքով` ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում էին այս հանդիպմանը՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվել ՔՊ համագումարում, ովքեր են կեղծարարները, եւ ինչ է սպասվում վերջիններին: Ընդհանուր գծերով ՔՊ-ում, իհարկե, տեղյակ էին, թե ՔՊ պատգամավորների եւ գործադիրի որ խմբակն է զբաղվել ընտրությունների կազմակերպչական աշխատանքներով, սակայն չէին կարծում, թե վարչության  ընտրությունների արդյունքներն ու այնտեղ տեղ գտած անճշտությունները «տեխնիկական» են` անփութության հետեւանք: Ներսում բոլորն էլ վստահ են, որ ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են, իսկ անփութության մասին հեքիաթները մարդկանց աչքին թոզ փչելու համար են։ Հիշեցնենք նաեւ, որ Փաշինյանն անցած երեքշաբթի էր նախատեսել հանդիպել ՔՊ-ականների հետ, որպեսզի պատմեր Սոչի եւ Թեհրան կատարած այցերի մանրամասները, սակայն այդ հանդիպումը վերջին պահին չեղարկվել էր։

Ինչեւէ, նախօրեի երեկոյան Փաշինյանը հանդիպման է ներկայացել աննախադեպ սառնասրտությամբ եւ հանդիպումը սկսել է հիշյալ հանդիպումների եւ բանակցային գործընթացի վերաբերյալ հաշվետվությամբ։ Ուրախությամբ տեղեկացրել է, որ գործընթացը հօգուտ հայկական կողմի է ընթանում` այն առումով, որ Հայաստանին հաջողվում է մանեւրել Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության արանքում, եւ հատկապես Սոչիի հանդիպումից հետո ինքը «հաղթած» է դուրս եկել, քանի որ հրապարակային չի հրաժարվել Պուտինի առաջարկից, բայց փոխարենը վերջինս չի կարողացել կատարել իր խոստումը եւ Ալիեւին պարտադրել, որ ընդունի խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որում առկա է Արցախի մասին կետ։

Նկատենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի գլխավորությամբ Ալիեւ-Փաշինյան հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու այլ ՔՊ-ական պաշտոնյաներ փորձում էին բանակցությունների տապալման եւ խաղաղության պայմանագրի ձգձգման մեղքը գցել Պուտինի «գրպանը»։ Մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին, որ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, սակայն չէր արել դա։

Մոսկվայի ուղղությամբ քարեր նետեց նաեւ Ռուբեն Ռուբինյանը՝ մոռանալով, որ մինչեւ Սոչիի հանդիպումն էր Փաշինյանը հայտարարել Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու եւ արեւմտյան տարբերակին իր համաձայնության մասին, որում Արցախի մասին հիշատակում չկա։ Ռուբինյանը նոյեմբերի 7-ին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր․ «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել եւ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը նշվի, եւ խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, եւ, ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որն ընդհանուր հայտարարություն է, եւ առաջընթաց չի երեւում այդ հայտարարությունից»:

ՔՊ-ական պատգամավորներին, սակայն, առավել հետաքրքրել են ներկուսակցական խնդիրները, Փաշինյանի արտաքին քաղաքական թեմային նվիրված հաշվետվությունը երկար-բարակ լսելուց հետո նրանք հետաքրքրվել են կատարվածի մասին, եւ թե ինչ պատիժ է սպառնում զեղծարարներին։ Այս թեմայով հարցեր են տվել պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հովիկ Աղազարյանը եւ եւս մեկ-երկու հոգի։ Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ տալու, անխնա քննադատել է ընտրակեղծարարներին եւ ասել, որ դեռ ճշտումներ են արվում, սպառնացել է, որ չի խորշելու անգամ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր միտումնավոր կեղծիքներ են իրականացրել։ Սրանով էր թերեւս պայմանավորված, որ երեկ որոշ մեղավորներ, հոգեխանգարմունքի մեջ ընկած, վիրավորանքներ էին հասցնում իրենց զեղծարարությունները լուսաբանած լրագրողներին։ Այդ հանդիպմանը ներկա են եղել վարչության, ինչպես նաեւ կառավարության գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Սուրեն Պապիկյանի։

Մեզ պատմեցին, որ Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանին հասկացրել է, որ եթե զեղծարարությունները միտումնավոր չլինեին, ապա իր առաջարկած բոլոր մեխանիզմները կներդնեին վարչության ընտրությունների ժամանակ, ինչը չի արվել։ Փաշինյանը պատասխանել է, որ տեղյակ է այդ մասին, թե ինչ է առաջարկել Աղազարյանը: Սակայն մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ հսկողական մեխանիզմներ է առաջարկել ՔՊ-ի ամենաօրիգինալ պատգամավորը` Հովիկ Աղազարյանը։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: