կարևոր
3499 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-30 16:13
Արցախ

Որ արցախցին ապրի, պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ

Որ արցախցին ապրի, պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը. Արցախի ԱԺ նախագահ

Այս փոքրիկ աշխարհատարածքը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու և գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչեք նրա ինքնորոշման իրավունքը: Հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաև Արցախում: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Միասնաբար նեցուկ կանգնել՝ արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին և հասնել նրա ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանը և լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների առջև: Այսօր է, որ հայ ժողովուրդը, քան երբևէ, պետք է գործի մասնական, միակամ և միաբան: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատկմամբ զուրկ են իրավական, պատմական և բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել և չի կարող լինել »,- ասաց Թովմասյանը՝ դիմելով հայ ժողովրդին:

Թովմասյանն ընդգծեց՝ առաջնային խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են ՌԴ խաղաղապահ զորակազմը և Արցախի ՊԲ ուժերը: Թովմասյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համախմբվածությունը և համերաշխությունը:

«Հավաստիացնում եմ՝ մենք շարունակելու ենք մեր ջանբքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության խնդրին հասնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Թովմասյանը հիշեցրեց ԱՀ նախագահի հայտարարությունը՝ ընդգծելով, որ պետք է մերժվեն բոլոր սկզբունքներն ու առաջարկները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ դնում Արցախի գոյությունը: