|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է արել: Պատճառն Աբեի ծրագրած՝ կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո և հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչև 10 տոկոս բարձրացնելուց առաջ:
Եթե 2018 թվականի հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան և ֆինանսների նախարար Տարո Ասոն:
Երկու նախարար կփոխվի, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, համապատասխանաբար՝ ԱԳ նախարարությունը կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2-ը, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ն առաջին անգամ կզբաղեցնեն կառավարական պաշտոններ:
Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին կներկայացվի կառավարության նոր կազմը: Այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված: