կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-15 13:23
Քաղաքական

Դեսպանատան աղջիկը

Դեսպանատան աղջիկը

Հայտնի չէ` արդյո՞ք ՀՀ բոլոր դեսպանատներում կա մի նոր` դիվանագիտական աշխարհում աննախադեպ հաստիք` «դեսպանատան աղջիկ», բայց Վրաստանում ՀՀ դեսպանատանը կա: Բնականաբար, այս պաշտոնը զբաղեցնելու համար պետք է պարտադիր իգական սեռի ներկայացուցիչ լինել եւ ամենեւին պարտադիր չէ կրթության, հատկապես` բարեկրթության մակարդակը:

Հասկանալի է, որ դեսպանատան աղջիկը վարձատրվում է բարձր եւ ՀՀ պետական բյուջեից, չնայած, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ գումարներ էլ է ստանում` «Թիֆլիզ տեղ» լավ եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար: Դեսպանատան աղջկա աշխատանքային պարտականությունները հետեւյալն են` նա պարտավոր է պատասխանել դեսպանատան զանգերին, պատասխանել, այսինքն` ուղղակի վերցնել հեռախոսը, քանի որ դեսպանատան աղջիկը, շեշտում ենք, ըստ հաստիքի, պարտավոր չէ բարեկիրթ լինել:

Այնուհետեւ` նա, առանց իր անունն ու պաշտոնը նշելու, պարտավոր է որքան հնարավոր է հեռու նետել զանգողին եւ դա այնպես անել, որ նա էլ չհանդգնի կրկին զանգահարել կոնկրետ` Վրաստանում ՀՀ դեսպանատուն, քանի որ այնտեղ մարդիկ լուրջ գործերով են զբաղված` «դեսպանատանը կից» զանազան օբյեկտներում հաշվարկներ անելով:

Պետք է նշել, որ Վրաստանում մեր «դեսպանատան աղջիկը» փայլուն է ընտրված. երբ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ջրհեղեղի կապակցությամբ yerkir.am-ը զանգահարել է Թբիլիսում մեր դեսպանատուն, շեշտում ենք` ՄԵՐ դեսպանատուն, հեռախոսը, բնականաբար, վերցրել է «դեսպանատան աղջիկը»: Նա ոչ միայն չի ներկայացել, այլեւ շեշտել է, որ ինքը պարտավոր չէ ներկայանալ: Հարցին, թե կա՞ն ազգությամբ հայեր ջրհեղեղից տուժածների եւ զոհերի թվում, աղջիկը չի կարողացել պատասխանել, փոխարենը խորհուրդ է տվել կապնվել Վրաստանի կառավարության հետ… Մի խոսքով` «դեսպանատան աղջիկն» անշեղորեն կատարել է իրեն վերապահված բոլոր աշխատանքները, ընդհանուր առմամբ` գերազանց: Ոչինչ չի ասել, որքան հնարավոր է հեռու` Վրաստանի կառավարություն է ուղարկել զանգողներին եւ մնացել է քողարկված:

Բայց այսքանից հետո մեզ ամենեւեին էլ չի հետաքրքրում, թե ո՞վ է Վրաստանի «դեսպանատան աղջիկը», ենթադրենք նրա անունը` Յուլյա է… Մեզ բոլորովին այլ բան է հետաքրքրում` ո՞վ է Վրաստանում մեր..., պետական ներկայացուցիչը չէ, դեսպանը, ունե՞նք…

Հովիկ Աֆյան