կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-05-22 15:22
Քաղաքական

Խորհրդարանական ուժերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման մասին

Խորհրդարանական ուժերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման մասին

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների այն հարցին, թե ի՞նչ պետք է ակնկալել Ռիգայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունից, և ի՞նչ զարգացում կարող են ունենալ Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

 

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով` ՀՀ-ն պետք է մանևրի, բալանսավորված քաղաքականություն վարի, ներդաշնակեցնի շահերը ԵՄ-ի հետ: «ՀՀ-ն պետք է անպայման քայլեր ձեռնարկի` ԵՄ կառույցների հետ ակտիվ հարաբերություններ ունենալու համար: Մանևրի քաղաքականությունը ես ընդունում եմ»,- ասաց նա:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն ճիշտ մոտեցում է որդեգրել՝ չբացառել ԵՄ ընտանիքի հետ համագործակցության զարգացումը: «Ըմբռնում կա եվրոպական առաջատար երկրների կողմից, որ չպետք է հաճախ ենթարկվել սադրիչ հայտարարությունների, թե Հայաստանը հայտնվել է միայն ԵՏՄ ճիրանում: Պետք է զարգացնել Ռիգայի գագաթաժողովում Հայաստան-ԵՄ հարաբերությունները»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանը քիչ հավանական համարեց Ռիգայում կոնկրետ փաստաթղթի ստորագրումը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, թե իրենք կարևորում են բալանսավորված արտաքին քաղաքականությունը: «Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք ամեն ինչ պետք է անենք մյուս հեղինակավոր երկրների, մասնավորապես` ԵՄ-ի հետ բալանսավորված քաղաքականություն տանելու ուղղությամբ: Որոշակի աշխատանք իրականացվում է»,- ասաց նա և օրինակ բերեց դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ԵՄ-ի հետ փոխադարձ համագործակցության արդյունքները:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց` կարևոր է կառուցել հարաբերություններն այնպես, որ լինեն արդյունավետ հարաբերություններ և' ԵՄ-ի, և' ՌԴ-ի, և' ԱՄՆ-ի, և' Իրանի հետ, և', ինչու չէ, նաև կարգավորել հարաբերությունները հարևանների հետ: «Այդ դոկտրինը հաստատվել է 91-ից` Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, և մենք միշտ հավատարիմ ենք եղել այդ դոկտրինին և համարում ենք, որ անկախության գլխավոր արժեքը հենց դա է»,-ասաց նա:

 

Զուրաբյանը նշեց, թե խնդիրը ծագել է այն պահին, երբ Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները մտան առճակատային գործընթացների մեջ, իսկ, ըստ նրա, մեր իշխաննությունները հեռատեսություն չցուցաբերեցին և վատ քաղաքականություն վարեցին: «Փոխանակ ներդաշնակեցնեինք ՌԴ-ի և Արևմուտքի շահերը, նրանք մտան մի խաղի մեջ, որն առճակատային դարձավ և ՀՀ-ին դրեց «կամ-կամ» ընտրության առջև: Սա մենք համարում ենք կոպտագույն սխալ: Պետք է հասկանանք, որ իրական բանալին և' ԵՄ-ի, և' ՌԴ-ի, և' ԱՄՆ-ի հետ իրենց շահերի ներդաշնակեցումն է»,- ասաց նա:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ արդեն իսկ գագաթաժողովից տեղեկացան, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Անգելա Մերկելի հետ և զեկույցում շեշտվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ընդ որում` ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի շրջանակներում, ինչին էլ ԲՀԿ-ն հավանություն է տալիս: «ԵՏՄ-ի կազմում լինելով՝ մենք ընտրել ենք անվտանգությունն ու ստրատեգիական շահերը, այլ հարց է, թե ինչու այլընտանք չունենք, բայց այս ստատուս քվոյի պայմաններում, ԵՏՄ անդամ լինելով, մենք փորձում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցել ոչ միայն եվրոպական արժեքների, այլ նաև տնտեսական մասով»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանը շանս ունի համաչափորեն ինտեգրվելու ԵՄ-ին, այնքանով, ինչքանով Մաքսային միությունը Հայաստանին թույլ է տալիս:

 

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հիշեցրեց ՀՀ նախագահի ելույթը, երբ նա ողջունեց այն հանգամանքը, որ ցանկությունը երկկողմանի է ԵՄ-ի և ՀՀ-ի համար: «ՀՀ-ի կողմից վարվող հավասակշռված և բազմավեկտոր քաղաքականությունը բավական բարձր գնահատականի արժանացավ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ԵՄ-ում, և երեկ այդ մասին նշեց Գերմանիայի կանցլերը՝ բարձր գնահատելով ՀՀ-ի քաղաքականությունը, հատկապես` լարվածությունը էլ ավելի չմեծացնելու առումով, ողջունեց նաև նախագահ Սարգսյանի մասնակցությունը»,- ասաց նա և մեջբերեց նախագահը ելույթի այն խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է ուժեղացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները այն բնագավառներում, որը չի խոչընդոտում մյուս ինտեգրացիոն գործընթացներին:

 

«Համոզված եմ, որ ճանապարհներ կգտնենք ոչ միայն քաղաքական բնագավառում, այլ նաև տնտեսական, առևտրային բնագավառում ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու և ուժեղացնելու համար»,- ասաց Մելիքյանը: