կարևոր
976 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-15 22:22
Քաղաքական

Երբ հոգևորականին դատում են՝ նրա քաղաքացիական դիրքորոշման համար, դա ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ շինծու վրեժխնդրություն. Մհեր Մելքոնյան

Երբ հոգևորականին դատում են՝ նրա քաղաքացիական դիրքորոշման համար, դա ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ շինծու վրեժխնդրություն. Մհեր Մելքոնյան

Այսօր Հայաստանում մենք ականատես ենք դառնում վտանգավոր և խիստ մտահոգիչ մի գործընթացի. Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը, իրավական համակարգը վերածում է իր քաղաքական շահերը սպասարկող գործիքի։ Անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Իրավական համակարգի և դատարանների անաչառությունն ու անկախությունը ժողովրդավարության հիմնասյուներն են։ Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես է այս ապազգային իշխանությունը հետևողականորեն փոխակերպում այդ համակարգը՝ դարձնելով այն այլակարծությունը ճնշելու, գաղափարական հակառակորդներին մեկուսացնելու և հանրային վախի մթնոլորտ ստեղծելու միջոց։

Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը ոչ իրավական, այլ բացարձակապես քաղաքական որոշում է, որի նպատակը մեկն է՝ լռեցնել անկախ մտածողությունն ու կոտրել ազգային ինքնագիտակցության կրողներին։

Սա միայն հոգևորականի դեմ հարուցված գործ չէ։

Սա փաշինյանական իշխանության կողմից համակարգված ճնշում է ազգային ինստիտուտների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որը պատմականորեն եղել է ազգային դիմադրության ամուր հենարանը։

Երբ հոգևորականին դատում են՝ նրա քաղաքացիական դիրքորոշման համար, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ շինծու վրեժխնդրություն։

Միքայել սրբազանին դուք չեք կարող կոտրել։

Ո'չ բանտերով, ո'չ ապօրինի կալանքով, ո'չ էլ շինծու քրեական գործերով....

Հոգևոր արժանապատվությունը բանտերով չի ոչնչացվում։

Աստված օգնական, Սրբազան հայր....»,- գրել է Մելքոնյանը: