կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-03 17:06
Քաղաքական

Ինչ է, չի՞ կարելի ռուսներին ասել` չէ

Ինչ է, չի՞ կարելի ռուսներին ասել` չէ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը զիջելու է իր ինքնիշխանության երկու երրորդը, և քաղաքական մեծամասնությունը կարող է այդ հարցը վճռել:

 

Սակայն, ըստ Բագրատյանի, թե' քաղաքական մեծամասնությունը, թե' հենց ինքը` Բագրատյանը, ընտրվել են` եվրաինտեգրման խոստումներ տալով, և հիմա ոչ միայն չեն եվրաինտեգրվում, այլև համաձայնում են զիջել իրենց ինքնիշխանությունը: Ըստ պատգամավորի` տեսականորեն դա էլ է հնարավոր,  բայց գոնե կարող են, չէ՞, դիմել ժողովրդին: Հրանտ Բագրատյանը տարակուսում է` ինչո՞ւ այդ կարևորության հարցը չի դրվում համաժողովրդական հանրաքվեի:

 

«Ինքնիշխանության աղբյուրը ո՞վ է` ժողովուրդը: Մենք սրանից հետո արտաքին քաղաքականություն չենք վարելու, այն վարելու է մեկ այլ մարմին: Այս հարցը ոչ մի պատգամավոր այստեղ իրավունք չունի անգամ քննարկելու ու քվեարկելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` ինտեգրացիոն կառույցը փոխանակում է ենթադրում: Հայաստանն արդեն իսկ ԱՀԿ անդամ է, և այդ ֆոնին ԵՄ ստեղծումն ու Մաքսային միության ստեղծումը ապաինտեգրացիա է:

 

«Գլոբալ աշխարհը օրեցօր քանդվում է, մենք էրոզիայի ենք ենթարկում ԱՀԿ-ն: Նորից ուզում ենք անցնել տարածաշրջանային իմպերիաների: Հլը մի հատ ինձ ասեք, թե ԵՏՄ-ում ով և ինչ է փոխանակելու: Խորհրդային միությունը նույնպես ստեղծվել էր փոխանակության սկզբունքով: Ստեղծում եք միություն, ո՞վ ումից ի՞նչ է առնելու, բացատրեք տեսնեմ»,- ասաց Բագրատյանը: Ըստ նրա` դա նման է, երբ տուն է կառուցվում, և մեկը էներգիան է ապահովում, մյուսը` վառելիքը, երրորդը` հացը, չորրորդը` դեսերտը, իսկ Հայաստանին միշտ բաժին է ընկնում դեսերտ բերելը:

 

Բագրատյանը հարց է տալիս, թե ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ առևտուրը զարգացնի` ստեղծելով ավելի խիստ մաքսային տարածք: Նա հիշեցնում է, որ 2013-ին նախագահական ընտրություններից առաջ երկու թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, խոսում էին եվրաինտեգրման մասին, իսկ Հրանտ Բագրատյանն ասում էր, որ դա անհնար է գործող ռազմաստրատեգիական փուլում, և որ ճիշտ կլինի` Հայաստանը չեզոք մնա:

 

«Ես ասել եմ, որ Մաքսային միություն մտնելու դեպքում շատ հնարավոր է, որ մեր տնտեսական աճը զրոյանա: Պուտինը ընտրվեց պրեզիդենտ ու անմիջապես հայտարարեց, որ ուզում է ստեղծել այդ միությունը: Եվ եթե մենք ստիպված ենք եղել գնալու այս միություն, ուրեմն նորմալ բանակցեիք: Կարգին աշխատեք, մի' տվեք մոնոպոլիաները: Այսօր Հայաստանում կա ռեւոլյուցիոն կրիզիսի հիմք: Ինչ է, չի՞ կարելի ռուսներին ասել` չէ: Հիմա դուք եկել, ասում եք` եթե ԵՏՄ-ին չմիանանք, ռուսները մեզանից կնեղանան, ու մենք կընկնենք Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռքը ու կկորցնենք պետականությունը, դրա համար գնանք ԵՏՄ, այնտեղ կորցնենք պետականությունը: Տենց չի, ու տենց չի լինում` ընդհանրապես: Եթե այդպես եք մտածում, ուրեմն դուրս եկեք իշխանությունից, տվեք մեզ»,- ասաց Հրանտ Բագրատյանը: