կարևոր
1057 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-09 23:19
Քաղաքական

Խաղաղության անվան տակ նոր թափով կշարունակվի երկրի մասնատումն ու թուրքացումը․ Տարոն Ղազարյան

Խաղաղության անվան տակ նոր թափով կշարունակվի երկրի մասնատումն ու թուրքացումը․ Տարոն Ղազարյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանը գրում է․

«Իսկ ինչու՞ այս փուլում չի շարունակվում սահմանազատման և սահմանագծման սկսված ու կարճ տարածություն հաղթահարելուց հետո տևական ժամանակ կանգ առած գործընթացը․

Պարզ պատճառով՝ այդ գործընթացի շարունակությունը կրկին ենթադրում է տարածքային միակողմանի և կենսական զիջումներ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ մեկ տարի առաջ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղի ունեցածի օրինակով, ինչը ընտրությունների նախաշեմին դժվար է խաղաղասեր և սոցիալական բեռի տակ կքած ժողովրդին ներկայացնել որպես խաղաղության ամրապնդում և տնտեսական աննախադեպ հնարավորությունների ձեռքբերում։

Երեկ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը, սոցցանցերում դրան հաջորդած ՔՊ-ական խրախճանքը պարզ նախընտրական ծրագիր է, իսկ Բաքվի համար ևս մեկ պատմական նվաճմամբ հաջորդ նվաճմանը պատրաստվելու ճանապարհ, զուգահեռ ինչ-որ թղթի կտորով Նիկոլին իշխանության պահելու աջակցության ծրագիր՝ հետընտրական շրջանում նորանոր զիջումներ պարտադրելու հնարավորությունը չկորցնելու համար։

Ակնհայտ է, որ թշնամու համար արդեն ստացածն էլ, ստանալիքն էլ քիչ է։ Նիկոլ-Ալիև նախընտրական ծրագրի հաջողության դեպքում խաղաղության ու բարեկեցության անվան տակ նոր թափով կշարունակվի երկրի մասնատումն ու թուրքացումը՝ ընտրությունից մինչև հաջորդ ընտրություն, իսկ դրանից հրաժարումը մշտապես կհրամցվի մեր ժողովրդին պատերազմից խուսափելու ու խաղաղության ձգտում մինչև վերջին կտորի կորուստ ու հայաթափում։

Այսպիսի տեսք ունի նախընտրական կամ ժամանակավոր խաղաղությունը մեզ համար՝ զիջել այնքան, որ էլ զիջելու բան չմնա, ոչ էլ դիմադրելու փորձի դեպքում դիմադրողականություն»։