Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ըստ լրատվամիջոցի, ճանապարհը կանվանվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի»։
Ըստ աղբյուրի՝ Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող մի տարածաշրջան, որը գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև։ Այդտեղով անցնում են նավթի և գազի խողովակաշարեր, սակայն այն տառապում է փակ սահմաններից և երկարատև էթնիկ հակամարտություններից։
ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով հայտնել են, որ Թրամփի հետ հանդիպմանը և ստորագրման արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց խոսքով՝ կստորագրվի շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված կլինի «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելուն և երկարատև տարանցիկ խնդիրը լուծելուն։
Ադրբեջանը ձգտում է ստեղծել Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցք, որը երկրի հիմնական մասը կարող է միացնել Նախիջևանի էքսկլավին, որը սահմանակից է Բաքվի դաշնակից Թուրքիային։
Համաձայն փաստաթղթի մանրակրկիտ համաձայնեցված այն հատվածի, որը ղեկավարները ստորագրելու են ուրբաթ օրը՝ Հայաստանը ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի։ Այդ երթուղին կկոչվի «Trump Route for International Peace and Prosperity» («Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»), կրճատ՝ TRIPP, հայտնել են պաշտոնյաները։
Երթուղին կգործի հայկական օրենսդրությամբ, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալությամբ կհանձնեն կոնսորցիումին՝ ենթակառուցվածքներ կառուցելու և դրանք կառավարելու համար։
«Այս քայլը առևտրային մեխանիզմների միջոցով կբացահայտի տարածաշրջանի ներուժը և կօգնի խուսափել նոր ռազմական գործողություններից», - նշել է պաշտոնյաներից մեկը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև փաստաթղթեր կստորագրեն՝ խնդրելով լուծարել Մինսկի խումբը, որը 1992 թվականից Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ զբաղվում է հակամարտության կարգավորմամբ։
Հայ-ադրբեջանական հարցում առաջընթացը սկսվել է մարտին, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել է տարածաշրջան։ Նրա թիմի անդամները հետագայում նույնպես մի քանի այց են կատարել՝ համաձայնագրին աջակցելու համար։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է նախապայման լինել Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» անդամակցելու համար։ Այն հարաբերությունների կարգավորման պայմանագրերի շարք է Իսրայելի և չորս մահմեդական երկրների միջև, որոնք Թրամփը կնքել է իր նախագահության առաջին ժամկետում։
Սպիտակ տանը կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա նույն օրը, որը Թրամփն ավելի վաղ նշել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար վերջնաժամկետ։ Այդ օրը նա կա՛մ պետք է համաձայնի դադարեցնել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, կա՛մ պետք է բախվի նոր տնտեսական պատժամիջոցների։