Փոխարժեքներ
09 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է․
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
«Հայաստանի պաղեստինացումը
(Պրահա 2 Վաշինգտոնում)
Դեռևս 2020թ. Դեկտեմբերին, երբ չարիքը սկսեց խոսել այսպես կոչված «անկլավների» մասին, դեռ այն ժամանակ շեշտեցի, որ սա տանում է մեր երկրի պաղեստինացման՝ չորս կողմից շրջափակված, թշնամու կողմից վերահսկվող ճանապարհներով և անցակետերով՝ հյուսիսից Տավշո գյուղերն ու տարածքները հանձնելով մինչև Լոռվա սահման, իսկ հարավից Տիգրանաշեն ու Սյունիքը կտրելով ճանապարհ կամ միջանցք կոչվածով։
Դժբախտաբար, այս կանխատեսումս իրականություն է դառնում։ Դեռ ավելին, ինչպես բազմիցս նշել եմ Հայաստան աշխարհս քայլ առ քայլ վերածվել և արդեն իսկ վերածվում է.
ա) զուտ տարածքի՝ առանց որևէ տարածքային կիլոմետրային արձանագրման, աշխարհաքաղաքական խաղացողների համար՝ ռազմաբազա, ճանապարհ, միջանցք, թուրանական երազանք,
բ) թմրանյութերի տարածման և սպառման միջավայր և տարանցիկ ճանապարհ՝ ոչ առանց իշխանության հովանավորության (շատ փողի մոլուցքով),
գ) փողերի լվացման միջավայր և տարածք՝ ոչ առանց իշխանության հովանավորության (դարձյալ շատ փողի մոլուցքով),
դ) ընտանիքի նոր մոդելի կամ հին մոդելի նորաձև փորձարկման միջավայր, որին անունն արդեն իսկ տրված է,
ե) տոտոալիտար աղանդների զանազան կազմակերպությունների անարգել քարոզչական հնարավորությունների միջավայր՝ փորձելով լուսանցք մղել Հայ Եկեղեցին՝ ցանկանալով այն հավասարեցնել մյուս կրոնական կազմակերպությունների աստիճանին (արդեն իսկ ընթացքի մեջ)։
Ակնհայտ է, որ այս բոլոր նշածներս արդեն իսկ ընթացքի մեջ են և այո՛, իրականություն են դառնում, որքան էլ չցանկանանք այն ընդունել ժխտելով իրականությունը։
Հետևաբար, այս չարիքի իշխանությունը հեռացնելու պայքարը ոչ միայն սոսկ քաղաքական, այլև և հատկապես քաղաքակրթական՝ արժեքային անհրաժեշտություն է։
Չարիքի իշխանության հետ ամեն ինչ պարզ է. «Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իրենց կատարած չար գործերի… նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները» (Եսայի Գ։ 11-13)։
Այսօր գնդակը հայրենասեր մարդկանց դաշտում է։ Միակ ճանապարհը չարիքի իշխանության հեռացումն է առանց հավակնությունների և անձնական շահի՝ մղվելու պայքարի առանց վախերի, հոգնության և հուսահատության, առանց տրտնջալու և ժխտելու իրականությունը՝ ականջալուր աստվածային խոսքին, որ պիտի կոչվենք ազգ արդարության «…ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք և ապա դարձյալ ժառանգեք երկիրը…» (Եսայի ԿԱ։7)։
Մեզ համար մեր երկրի, մեր Տան ազատագրումը գերագույն և անսակարկելի արժեք է և Հաղթանակն այլընտրանք չունի…
Հայրենիքի կալանավոր՝ Բագրատ արք. Գալստանյան»