Միասին կարող ենք
կարևոր
4273 դիտում, 7 ամիս առաջ - 2025-08-08 10:20
Իրավական

Ձայնագրությունների ուսումնասիրությամբ փաստվել է՝ հակաիրավական ոչինչ չի արվել․ փաստաբանը՝ Բագրատ Սրբազանի գործի մասին․ Փաստինֆո

Ձայնագրությունների ուսումնասիրությամբ փաստվել է՝ հակաիրավական ոչինչ չի արվել․ փաստաբանը՝ Բագրատ Սրբազանի գործի մասին․ Փաստինֆո

Իշխանություններն ուժայինների միջոցով քաղաքական ընդդիմադիր շարժում են կասեցրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ նյութերի ուսումնասիրությունից ամրապնդվել է այն դիրքորոշումը, որ ՔԿ կողմից հրապարակված ձայնագրություններում առկա հայտարարություններն ընդհանրապես տեսական քննարկումներ են եղել՝ պետության կառուցման վերաբերյալ, որևէ  կապ չեն ունեցել գործող իշխանության հետ, որևէ կերպ չի վերաբերվել իրենց։

«Հանրությանը հայտնի դարձած՝  ՔԿ տարածած ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են, որովհետև դրանք տարբերվում են նաև նախաքննության ընթացքում մեզ տրամադրված նյութերի բովանդակությունից»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ մոնտաժը բավականին վատ ձևով էր, տարածված հաղորդագրությունն առավելապես   քաղաքական քարոզչություն էր, քան՝ իրավական։ Միևնույն ժամանակ, պաշտպանության կողմը վստահություն չունի, որ գործի նյութերի հետ տրամադրված ձայնագրություններն օբյեկտիվ են, սակայն անգամ դրանցով հակաօրինական, հակաիրավական  ոչինչ չկա։ Խոսքն, ըստ էության, կազմակերպված փողոցային պայքար սկսելու մասին է, Խուդոյանի դիտարկմամբ՝ իշխանություններն ընդամենն ուժայինների միջոցով ընդդիմադիր շարժում են կասեցրել։ 

Դիտարկմանը, որ փաստացի՝ ցանկացած ընդդիմադիր գործունեություն այլևս կարող է որակվել որպես ահաբեկչության նախապատրաստում՝ Խուդոյանն արձագանքեց՝  «Այն շարժումը, որը մի քիչ հավանականություն ունի, որ կարող է խանգարել իշխանությանը, կարող է նման գործիքներով հակազդեցության արժանանալ»։ Անդրադառնալով հանգամանքին, որ գործով անցնող անձինք տարբեր թիրախային խմբերի ներկայացուցիչներ են՝ հոգևորականներ, արցախցի պատգամավոր,  զոհվածի հայր, երիտասարդ կին՝  Խուդոյանը հիշեցրեց, որ ՔԿ տարածած քարոզչական նյութերում շրջանառվում են այնպիսի անձանց անուններ, որոնք ընդհանրապես գործի հետ կապ չունեն, բայց ցանկանում են հիշատակել նրանց անունները՝ հետագայում շրջանակն ընդլայնելու համար, օրինակ՝ հիշատակում են Իշխան Սաղաթելյանի, Լևոն Քոչարյանի, Սամվել Կարապետյանի անունները, գործի քննության ընթացքում փորձում են տվյալներ ձևակերպել  ՀՀԿ-ի վերաբերյալ։
«Այսինքն՝ բոլորին փորձում են կապել մի թեմայի հետ, որն իրականում թեմա էլ չէ, այդպես քաղաքական շանտաժ անել, որ ինչ-որ պահի սա կարող է նաև նրանց վերաբերյալ»,- նշեց Խուդոյանը։

Գործով ՕՀՄ-ներ իրականացնելու թույլտվության վերաբերյալ դատարանի որոշում եղել է, սակայն որոշակի հարցեր, այդուհանդերձ, կան, Խուդոյանը նշեց, որ ուսումնասիրում են այժմ որոշումներն, ըստ մեղադրանքի, երբ դատախազն ասում էր, որ հետևում էին՝ մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիս ամեն բան օրինական է եղել, հետո որոշել են ապօրինի քայլեր իրականացնել, մինչդեռ, տվյալներ կան, որ ՕՀՄ-ներ եղել են հուլիս ամսից, հետևաբար, եթե շարժման մասնակիցներն ամեն ինչ օրինական են արել, ապա ինչու են գաղտնալսում։  Քրեական գործով, նյութերի նախնական ուսումնասիրությունից տպավորություն է, որ ՕՀՄ-ներից բացի ոչինչ չկա, խուզարկություններամբ հայտնաբերված զավեշտալի կադրերն են ավելացրել՝ գունավոր ծուխ և այլն։ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել, մեղադրանք ներկայացնելիս Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչից հետո որևէ գործողություն չի եղել։

Կայքը հիշեցնում է, որ  հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանը անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն դառնում է քննության առարկա, և հունիսի 25-ին առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով և կալանավորումներով։

Իշխանությունների հորինած գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետագայում Հրայր սարկավագն ազատ է արձակվել։