|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Լեհաստանի, Բուլղարիայի և Շվեդիայի ԱԳՆ-ների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով news.am գործակալության այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Դուբլինում հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններով է հանդես գալիս` մեղադրելով Հայաստանին, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց հայկական կողմի պատճառով, պատասխանել է.
«Ես կառաջարկեի համեմատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները Դուբլինում, և դուք կտեսնեք, որ ինչ որ ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, համահունչ է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը:
Իսկ ի՞նչ է Ադրբեջանի նախարարը։ Իրենք ասում են, իրենք` լսում: Ես հիշեցնեմ, որ դա առաջին անգամը չէ, որ չստացվեց հնգակողմ հայտարարությունը, այդպիսի դեպքեր եղել են: Օրինակներից մեկը՝ Ալմաթայում 2010 թվականի հուլիսին հնգակողմ հայտարարություն էր պատրաստվում, բայց Ադրբեջանը պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորության, գերակայության վրա՝ համեմատած այլ սկզբունքների հետ: Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները և դրույթները, որոնք առաջարկվել էին եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են և չի կարելի բաժանել մեկը մյուսից և որևէ սկզբունք, որևէ դրույթ չի կարող գերակայել մյուսների նկատմամբ:
Այս անգամ ադրբեջանցիները, չգիտես ինչու, չուզեցան, որ երեք հայտնի սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն, անգամ հիշատակվեն: Ինչի՞ն հասան։ Հնգակողմ հայտարարություն չեղավ, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները ընդգծեցին այս երեք սկզբունքները: Ավելին ես ասեմ, Դուբլինում եռանախագահների կողմից արված հայտարարությունը ողջունելի է Հայաստանի կողմից և մենք կարող ենք նույն հայտարարությունն անել»: