կարևոր
340 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 19:54
Քաղաքական

Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը

Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը

Գործարար, բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը դեռ հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Վճռաբեկ դատարանը չի ընդունել «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բողոքը, որը վերաբերում էր կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշմանը։ Միաժամանակ, Վճռաբեկը վարույթ էր ընդունել դատախազության ներկայացրած բողոքը։

Նման քայլերով Վճռաբեկը «աջակցություն» է հայտնում իշխանությանը։ Ինչո՞ւ։ Այս հարցին, թերևս, պատասխան է տալիս դատարանի կազմը։ Իշխանությունն այս տարիների ընթացքում հաջողացրել է ոչ միայն «իր մարդկանց» տեղավորել դատական տարբեր ատյաններում և անգամ՝ ՍԴ-ում, այլև այդ կառույցներում դատավորի պաշտոն վստահել անգամ ՔՊ-ականների։

Դիտարկենք, օրինակ, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանի հանգամանքը։

Երկու մասնագիտություն ունեցող (1997թ. Ավարտել է «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1998թ.՝ գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը) Արթուր Ռազմիկի Դավթյանը, նաև լինելով ՔՊ անդամ, 2021 թվականին դարձավ ԱԺ պատգամավոր։

Շուրջ մեկ տարի անց՝ 2022թ․ հուլիսի 4-ին, ՔՊ խմբակցությունը նրան ընտրեց Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերով քննության դատական կազմի դատավոր: 2023 թվականի մարտի 3–ի  թիվ  ՆՀ–85–Ա հրամանագրով Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորների շարքից հենց արդեն նախկին ՔՊ-ական, դիպլոմավորված անասնաբույժ Արթուր Դավթյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով։

Ներկայում Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատում բազմաթիվ աղմկահարույց գործեր են քննության առնվում, դրանց շարքում է նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով բողոքները, որոնցից պաշտպանության կողմից ներկայացված բողոքները, ըստ հրապարակումների, վարույթ չեն ընդունվել, իսկ դատախազության բողոքը վարույթ է ընդունվել:

Օրվա իշխանությունները միշտ քննադատում էին Հրայր Թովմասյանի նախկինում ՀՀԿ անդամ լինելու հանգամանքը՝ հետագայում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը, իբրև լիարժեք անկախ լինելու խոչընդոտ: Չնայած դրան, հենց այս իշխանությունները ուղիղ ՔՊ-ից Վահագն Հովակիմյանին գործուղեց ԿԸՀ, Արթուր Դավթյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, Արտակ Զեյնալյանին՝ Արամ Սարգսյանի կուսակցությունից՝ Սահմանադրական դատարան և այսպես շարունակ: