կարևոր
916 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 16:27
Հասարակություն

Աշոտ Մինասյանի պաշտպանը պահանջում է բեկանել դատական ակտը և արդարացման դատավճիռ կայացնել

Աշոտ Մինասյանի պաշտպանը պահանջում է բեկանել դատական ակտը և արդարացման դատավճիռ կայացնել

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ  վճռաբեկ բողոք է ներկայացվել թե՛ պաշտպանի, թե՛ գլխավոր դատախազի կողմից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, 2024թ․ դեկտեմբերի 26-ին վճիռ է հրապարակել՝ մեղավոր ճանաչելով Մինասյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, ինչին հաշվակցելով Մինասյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել, Մինասյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանվել՝ 1 տարի ժամկետով։

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, Մինասյանի պաշտպանը պահանջել է բեկանել  առաջին ատյանի դատարանի վճիռը և արդարացման դատական ակտ կայացնել, մեղադրանքի կողմն էլ պահանջել է բեկանել և Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանել ռեալ ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Հարություն Պետրոսյանի, սեպտեմբերի 1-ին հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ։ Ըստ այդմ՝ պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է և որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։

«Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել թե՛ պաշտպանության կողմը, թե՛ դատախազությունը։ Պաշտպանը պահանջում է բեկանել դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ, դատախազությունն էլ՝ պահանջում է մասնակի բեկանել և որպես պատի- կիրառել ազատազրկումը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

Գործով զեկուցողը Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանն է։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ։