կարևոր
1048 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-09 17:00
Քաղաքական

Բժիշկներին չեն թողնում տեսակցել Վարդան Ղուկասյանին․ հայտարարություն

Բժիշկներին չեն թողնում տեսակցել Վարդան Ղուկասյանին․ հայտարարություն

Գյումրու համայնքապետարանը դիմել է դեսպաններին․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ն.Գ. տիկին Կրիստինա Քուին

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հայաստանում

Ն.Գ. տիկին Վասիլիս Մարագոս

Եվրոպական Միության դեսպան Հայաստանում

Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնության դեսպան Հայաստանում

Հարգելի պարոն/տիկին դեսպաններ,

Գյումրու համայնքապետարանը հարգանքով դիմում է Ձեզ՝ հաստատելով իրավիճակ, որը ուղիղ կերպով վտանգում է մեր համայնքի ղեկավարի առողջությունը և մարդու հիմնական իրավունքները։

Հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետի ձերբակալությունից ի վեր իրավասու մարմինները չեն թույլատրում նրա անձնական բժիշկներին՝ էնդոկրինոլոգին և սրտաբանին, այցելել նրան: Չնայած բազմաթիվ պաշտոնական դիմումներին և բժշկական խորհրդատվության ակնհայտ անհրաժեշտությանը՝ մուտքը մնում է արգելված:

Այս ընթացքում համայնքապետի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է: Նա ունի լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական հսկողություն և բուժում: Անհրաժեշտ մասնագիտական օգնության բացակայությունը փաստացի վտանգում է նրա կյանքն ու առողջությունը:

Հարկ է ընդգծել, որ այս իրավիճակը ուղիղ համընկնում է վարչապետի հրապարակային հայտարարության հետ, որտեղ վերջինս նշել էր, որ համայնքապետը պետք է «դուրս շպրտվի քաղաքական և հասարակական կյանքից»: Դրանից հետո արձանագրված զարգացումները, ներառյալ բժշկական օգնության սահմանափակումը, ըստ էության համընկնում են այդ հայտարարության բովանդակության հետ՝ առաջ բերելով իրավական, հումանիտար և մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խախտումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարգանքով խնդրում ենք Ձերդ Գերազանցություններին՝ միջնորդել համապատասխան պետական և իրավասու մարմիններին՝

Ապահովելու համայնքապետի անձնական բժիշկների անհապաղ մուտքը նրան և

Հավաստիացնելու լիարժեք և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը՝ ըստ միջազգային մարդասիրական նորմերի և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների:

Մենք հավատում ենք, որ Ձեր ուշադրությունը և միջամտությունը կարող են կանխել մարդկային կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը Հայաստանում:

Հարգանքով,

Գյումրու համայնքապետարան»։