կարևոր
829 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 13:26
Հասարակություն

Շալվա Պապուաշվիլին ելույթ է ունեցել Հայաստանի անկախության վերականգնման 35-ամյակին նվիրված ընդունելությանը

Շալվա Պապուաշվիլին ելույթ է ունեցել Հայաստանի անկախության վերականգնման 35-ամյակին նվիրված ընդունելությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 35-ամյակին նվիրված ընդունելությանը և հանդես եկել շնորհավորական խոսքով։

Պապուաշվիլին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և իր ելույթում անդրադարձել ինքնիշխանությանը, վրաց-հայկական հարաբերություններին, երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, խորհրդարանական համագործակցությանը, Հայաստանում կայացած ընտրություններին և Հարավային Կովկասի ապագային։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման 35-ամյակը։ Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին այս պատմական և կարևոր օրվա կապակցությամբ։

Վրաստանի և Հայաստանի համար՝ որպես երկու հարևան և եղբայրական ժողովուրդների, անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության արժեքներն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այսօրվա բարդ և մարտահրավերներով լի աշխարհում մենք ջանք չենք խնայում՝ պաշտպանելու մեր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, պահպանելու մեր ինքնությունն ու արժեքները և, մեր ձգտումներին համապատասխան, ձևավորելու խաղաղ և բարեկեցությանն ուղղված հասարակություն»։

Խորհրդարանի նախագահն ընդգծել է երկու երկրների բազմադարյա կապերը՝ նշելով, որ այսօր Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր և դինամիկ են, քան երբևէ։

«Վրաստանն ու Հայաստանը կապված են բազմադարյա պատմությամբ, հարուստ մշակութային կապերով, ջերմ մարդկային հարաբերություններով և փոխադարձ հարգանքով։ Մեր ժողովուրդները միշտ՝ ինչպես դժվարին, այնպես էլ հույսով լի ժամանակաշրջաններում, կանգնել են միմյանց կողքին։ Այսօր մեր հարաբերություններն ավելի ամուր և դինամիկ են, քան երբևէ»։

Պապուաշվիլիի խոսքով՝ երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի ինտենսիվությունը և սերտ երկկողմ համագործակցությունը հստակ վկայում են Վրաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության հաջող զարգացման մասին։

«Քաղաքական երկխոսությունից և խորհրդարանական համագործակցությունից մինչև առևտուր, տրանսպորտ, մշակույթ, կրթություն և ժողովուրդների միջև կապեր՝ մենք ստեղծել ենք այս հարաբերությունների հետագա զարգացման ամուր հիմք»։

Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել խորհրդարանական դիվանագիտությանը և Վրաստանի խորհրդարանի ու Հայաստանի Ազգային ժողովի միջև հարաբերություններին։

«Համոզված եմ, որ Վրաստանի խորհրդարանի և Հայաստանի Ազգային ժողովի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում և էլ ավելի կխորանա»։

Պապուաշվիլին նաև շնորհավորել է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ Ռուբեն Ռուբինյանին։

«Ուրախալի է, որ իմ գործընկերը՝ Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ պարոն Ռուբեն Ռուբինյանը, տարիներ շարունակ եղել է Վրաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը։ Համոզված եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված նրա անձնական փորձը կնպաստի մեր խորհրդարանների և երկրների միջև արդեն իսկ առկա հիանալի հարաբերությունների ամրապնդմանը»։

Անդրադառնալով տարածաշրջանին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի ապագան մեծապես կախված է այն բանից, թե որքանով հնարավոր կլինի այն վերածել խաղաղության, կայունության, փոխկապակցվածության և տնտեսական հնարավորությունների տարածաշրջանի։

Նրա խոսքով՝ այդ գործընթացին նպաստող կարևոր գործոններից են Հայաստանի իշխանությունների՝ տարածաշրջանի խաղաղ վերափոխմանն ուղղված ջանքերը։

«Չնայած ընտրություններին արտաքին միջամտության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների փորձերին, [Հայաստանի իշխանությունները] հավատարիմ մնացին սեփական ժողովրդի կամքին և քաղաքական ընտրությանը»։

Պապուաշվիլին նաև մանրամասն անդրադարձել է պետական ինքնիշխանության և արտաքին միջամտության թեմային։

«Ինքնիշխանության նշանակության լիարժեք գիտակցումն ու դրա գործնական իրականացումը, ինչպես նաև արտաքին միջամտությունների նկատմամբ պետական դիմակայունության ամրապնդումը ազգային զարգացման կարևորագույն նախապայմանն է։ Այսօր, երբ ժամանակակից աշխարհում ներքին քաղաքականությանը միջամտությունը գրեթե նորմ է դարձել, իսկ դրսից թելադրված կեղծ ազգային շահերը հաճախ ներկայացվում են որպես անսասան ճշմարտություն, հայ ժողովուրդն ու նրա իշխանությունները հստակ ցույց տվեցին, թե որն է իրական ազգային շահը, ապագա զարգացման ուղին և երկրի դիմակայունության ու կայունության հիմքը»։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ այն երկիրը, որը հստակ գիտակցում և հաստատուն պաշտպանում է իր իրական ազգային շահերը, կամրապնդի իր ինքնիշխանությունն ու սեփական ժողովրդի կամքը։

Ելույթի ավարտին Շալվա Պապուաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ և Հայաստանին մաղթել խաղաղություն, կայունություն և բարեկեցություն։

Աղբյուրը` Vectornews.ge