|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․․․
Հայկական մշակութային ժառանգության շուրջ ադրբեջանական կողմի հրահրած քննարկումների այս ալիքի համատեքստում շատերն են գրում՝ «իսկ ո՞ւր են մեր պատմաբանները․․․»։
Ես՝ որպես պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, ասեմ հետևյալը՝ հայկական մշակութային ժառանգության ու ադրբեջանցիներին «ալբանականացնելու» այս թեման նոր չէ, այս խնդիրը առկա է դեռ խորհրդային պատմագրության մեջ։ Մեր պատմաբանները տասնամյակներ շարունակ շատ մանրամասն հետազոտություններ և գիտական ուսումնասիրություններ են հրապարակել այս հարցերի շուրջ։ Դեռ խորհրդային տարիներին բաց նամակներով կար պատասխան՝ ուղղված ադրբեջանցի «պատմաբանների» կեղծիքներին։ Ինքս իմ գիտական ուսումնասիրությունների շրջանակներում դրանք հետազոտել եմ։ Այս հարցում հեծանիվ հորինել պետք չի, խոսել միգուցե, պատասխանել՝ ևս արժի, բայց մի մեծ «ԲԱՅՑ» կա, այս հարցը պատմաբանների դաշտում չէ, սա քաղաքական հարց է։ Ու այն հետևյալն է՝ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին արված միակողմանի զիջումներից, այն Ադրբեջանի կազմում ճանաչելուց, այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտման փաստը լռեցնելուց, այդ հարցը քաղաքական առումով փակելուց հետո, Ադրբեջանը շարունակում է թշնամանքի քաղաքականություն վարել Հայաստանի, հայ ժողովրդի դեմ։
Պատերազմը դա միայն ֆիզիկական ոչնչացումը չէ, դա նաև մշակույթի, պատմության և ինքնության դեմ մղվող պայքարն է։ Մեզ արդեն վեց տարի է ուզում են համոզել, որ խնդիրը ԼՂ-ի մեջ էր։ Մեկը ես փաստերով ցույց եմ տվել, որ ոչ, խնդիրը տարածաշրջանում հայկական խորը արմատի դեմ պայքարելու մեջ է, ԼՂ-ն օղակներից մեկն էր։ Ադրբեջանը իր այսօրվա քաղաքականությամբ փորձում է հարցականի տակ դնել հայկական ինքնիշխան պետության գոյության իրավունքը։
Թշնամանքի քաղաքականությունը չի վերանում, երբ դու որոշում ես այն չնկատել, երբ որոշում ես սուտը թողնել անպատասխան կամ, ավելի վատ՝ համադրել ու դնել ճշմարտության հետ նույն նժարի վրա։ Թշնամանքը պետք է զսպել, չեզոքացնել խելացի քաղաքականությամբ, հստակ քաղաքական ու դիվանագիտական քայլերով, ոչ թե արևային վարդագույն ակնոցներ դնելով ու ձևացնելով, թե այն չկա․․․ Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում, պարբերաբար ակտիվացնում է այն, հիմա այդ փուլերից է։ Իսկ ցավալին այն է, որ այդ ամենից ով պետք է հետևություն անի, ուզում է մրցանակներ կիսել այդ քաղաքականությունը իրականացնող բռնապետ Ալիևի հետ․․․
Ի ամփոփում կուզեմ հիշեցնել Վացլավ Հավելի «Անզորների ուժը» էսսեի այս տողերը՝ «Քանի որ ռեժիմը գերի է իր իսկ ստերին, այն ստիպված է կեղծել ամեն ինչ։ Կեղծում է անցյալը։ Կեղծում է ներկան և կեղծում է ապագան։ Կեղծում է վիճակագրությունը։ Ձևացնում է, թե չունի ամենազոր և անսկզբունք ոստիկանական ապարատ։ Ձևացնում է, թե հարգում է մարդու իրավունքները։ Ձևացնում է, թե ոչ ոքի չի հետապնդում։ Ձևացնում է, թե ոչնչից չի վախենում։ Ձևացնում է, թե ձևացնելու ոչինչ չունի»․․․»: