կարևոր
2887 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-18 19:05
Քաղաքական

Եկել է «համոզելու», որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց վստահ չի, որ կստացվի. Տաթևիկ Հայրապետյան

Եկել է «համոզելու», որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց վստահ չի, որ կստացվի. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը.

«7 երգ գիտի, 7-ն է հող հանձնելու մասին... Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման տրամաբանության ամենակարճ նկարագրությունն է: Այսօր, նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից եկել է «համոզելու» հայ հանրությանը, որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց այդքան էլ վստահ չի, որ կստացվի, կարող է հանձնենք էլ, չփրկվենք:

 «Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- ասել է Փաշինյանը:

Ընդ որում, ուշագրավ է, որ նա դա ասում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Եթե բացենք կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ Փաշինյանը եկել է իշխանության, ապա այնտեղ Արցախի հարցի վերաբերյալ սպիտակի վրա սևով գրված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա...» (https://www.gov.am/files/docs/4586.pdf, էջ 15): Հիմա եկեք տրամաբանենք, այսօր Փաշինյանը պետք է ներկայացներ հանրությանը ու ԱԺ-ին, թե ինչ է արել այս ծրագրի իրագործման ուղղությամբ, փոխարենը եկել ու հեքիաթ է պատմում, թե իբրև Արցախը տանք, խաղաղ կապրենք: Ընդ որում, դա նույն Փաշինյանն է, որ 2022 սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, ԱԺ-ում ասում էր՝ ինչ զիջում ենք, Ալիևին քիչ է, Երևանն է ուզում: Որքան էլ ցավալի է, Փաշինյանի այսօրվա ելույթը առանձնապես չի զիջում Ալիևի նախկին ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը...»

Հիմա Փաշինյանը, որը շատ լավ գիտի, որ Ալիևը հավակնություններ ունի ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որը «Արևմտյան Ադրբեջան» է կոչում մեր երկրի տարածքը, եկել ու կրկին փորձում է մեզ համոել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով մենք կապրենք խաղաղ:

Իհարկե, չենք ապրի, շատ խելք պետք չի դա հասկանալու համար: Իսկ եթե ուզում է 29,800-ը պահի, թող զինվի ու կռվի պատրաստվի, քանի որ իր չպատրաստվելու ու հանցավոր անգործության հետևանքով Ադրբեջանը լավ առաջ է եկել այդ տարածքում: Մի խոսքով, Փաշինյանը կարող է թվա հարափոփոխ է ու հակասական, բայց Արցախը հանձնելու հարցում իր դիրքորոշումը անփոփոխ է մնում, ու դա մեր երկիրը միայն ձախողումների է տանում»: