կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 08:56
Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունն առայժմ կանգ է առել. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունն առայժմ կանգ է առել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ, ինչի պատճառով որոշում է կայացվել դատական քննությունը կասեցնել մինչև հունվար։ Այսպիսով՝ աղմկահարույց գործի քննությունը մի քանի ամսով փաստացի սառեցվել է։
 
Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ պաշտոնանկ արված փոխնախարար Անի Իսպիրյանը և ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Սիմոնյանի հարսը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ գործուն զղջալու հիմքով։ Այսինքն՝ մեղքը խոստովանեց, զղջաց և ազատվեց կալանքից, ապա՝ պատժի կրումից։
 
Այս գործի համատեքստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը նրան մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը նախկին նախարարի նկատմամբ երկու ամսով տնային կալանք կիրառեց։ Ավելի ուշ Քերոբյանն ազատ արձակվեց։
 
Գործով մեղադրյալի աթոռին է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը՝ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը։
 
Այսպիսով՝ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունն առայժմ կանգ է առել. մինչև հունվար գործը դատարանում սպասելու է դատավորի վերադարձին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։