կարևոր
493 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-23 19:42
Քաղաքական

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել՝ սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել՝ սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված, արդյոք կա՞ միասնական մոտեցում բոլոր հատվածների համար, թե՞ յուրաքանչյուր տեղանքի համար կիրառվելու է առանձին մոտեցում։

«Փաստինֆո»-ն հարցում է  ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ խնդրելով պարզաբանել մի շարք հարցեր, մասնավորապես՝ հարցրել է, թե արդյոք կա՞ն սահմանազատման աշխատանքները վերսկսելու կոնկրետ ժամկետների շուրջ պայմանավորվածություններ, ո՞րն է սահմանազատման աշխատանքների ընդհատման պատճառը։

Արդյոք սահմանազատումն Արարատի մարզում շարունակելու շուրջ համաձայնություն կա՞, թե՞ ոչ, ի վերջո՝ հաջորդ փուլում սահմանազատման աշխատանքները կատարվելու են Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանային հատման կետի՞ց, թե՞ TRIPP-ի աշխատանքները չխոչընդոտելու նպատակով սահմանազատման հաջորդ փուլը տեղի է ունենալու Սյունիքում։

Հաշվի առնելով հանրության շահը՝ լրատվամիջոցը խնդրել է  ասել, թե կա՞ արդյոք համաձայնեցված քարտեզ, փաստաթուղթ, որը հիմք է ընդունվելու ընդհանրապես սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս, թե՞ յուրաքանչյուր տեղանքի համար կիրառվելու է առանձին մոտեցում։

Ի պատասխան՝ հայտնել են, որ ՀՀ-ԱՀ պետական սահմանի առանձին հատվածների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան։

Այնինչ նշված կանոնակարգում որևէ խոսք չկա, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար, այլ միայն արձանագրվում է, որ երկու երկրների «հանձնաժողովները կհիմնվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա` որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք»։

Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվել է նաև ասել, թե, ի վերջո, ինչո՞ւ չի շարունակվում սահմանազատումը։ 2025թ. հունվարի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս հաղորդագրությունից անցել է ավելի քան 1,5 տարի, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։

Մհեր Գրիգորյանի գրասենյակը խուսափել է հարցերին պատասխանել՝ հարցումը մոտ մեկ ամիս ուսումնասիրելուց հետո։ Համենայն դեպս, այս ոչինչ չասող գրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հնչեցրել է կեղծ տեղեկություն, թե կողմերը համաձայնեցրել են քարտեզը, որով պետք է իրականացվի սահմանազատումը, քանզի այդ մասին որևէ նշում չկա Կանոնակարգում, իրավասու պաշտոնյան էլ՝ Մհեր Գրիգորյանը, լռում է։